ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Ռուսական ORSIS («Պրոմտեխնոլոգիա») ընկերությունը որոշակի առաջընթաց է տեսնում Հայաստան ռազմական տեխնիկա առաքելու ձախողված տենդերի հետ կապված իրավիճակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ձեռնարկության պաշտոնական ներկայացուցչին։
Ավելի վաղ ORSIS ընկերությանը հանել էին Հայաստանի ՊՆ կարիքների համար զենք և զինամթերք առաքողների սև ցուցակից։
«Սա դրական միտում է, քանի որ հնարավորություն է տալիս շարունակելու Հայաստանի հետ մեր ընկերության համագործակցությունը, և Հայաստանը` մեր վաղեմի գործընկերը, կկարողանա ստանալ ժամանակակից և որակյալ զենք», – ասել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով` տենդերի ձախողման մեղավորները դեռ պատասխանատվության չեն ենթարկվել։
Ընկերությունում չեն հասկանում, թե ինչու ՊՆ–ն չի պատասխանում հանդիպման առաջարկներին։
«Ընկերությանը լուրեր են հասել, որ ՊՆ կոնկրետ պաշտոնյաներ յուրացրել են ORSIS–ի` պաշտպանության նախարարությանը նվիրած նմուշները», – հավելել է նա։
Նրա խոսքով` հայկական ԶԼՄ–ներում արդեն տեղեկություններ են հայտնվել Հայաստանի ՊՆ–ից բարձրաստիճան պաշտոնյաների հեռացնելու մասին` կապված ORSIS–ի հետ։
Ինչու է ձախողվել գիշերային տեսողության սարքերի տենդերը. սկանդալային բացահայտում
Հիշեցնենք, որ խնդիրները ծագել էին բազմամիլիոնանոց զենքի առաքման տենդերի պատճառով, որը պետք է տեղի ունենար այս ամառ։ Հայաստանի ՊՆ–ն չեղարկել էր ORSIS ընկերության հայտը` բանկային երաշխիքները չվճարելու հիման վրա։ Իսկ Հայաստանի Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» փաստով։ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին խնդրել էր պարզաբանել զենքի տենդերի ձախողման շուրջ ստեղծված իրավիճակը։
ORSIS ընկերությունն ընդգրկված է «Պրոմտեխնոլոգիա» խմբում և զբաղվում է հրազենի, փամփուշտների ու հատուկ օպտիկայի արտադրությամբ ու մատակարարմամբ։ Տարիներ շարունակ ընկերությունը զենք, փամփուշտներ ու օպտիկա է մատակարարել, իսկ հետո հայտնվել էր «Հայաստանի ԶՈւ–ի մատակարարների սև ցուցակում»։
Հայաստանը վերականգնելու է տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը. Փաշինյան