ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում օդի ջերմաստիճանը շարունակում է մնալ նորմայից բարձր։ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում հերթական գրառում է արել։
«Երբ դեկտեմբերի 20-ին առավոտյան ժամը 07։00-ին Ապարանում +7, Դիլիջանում +12 աստիճան է»-գրել է Սուրենյանը։
Նրա գրառմանը հաջորդել են օգտատերերի հումորային գրառումները։
«Ավելի տաք Հայաստան»,–գրել է օգտատերերից մեկն ու շեշտել, որ մյուս ընտրություններին Սուրենյանը ևս կարող է առաջադրվել այդ կարգախոսով։
«Սուրենյան ջան, ես քեզ զգուշացրեցի չէ, որ պուլտը երեխեքի ձեռքը չտաս, «նաստրոյկեքը» կխառնեն, չես կարողանա վերականգնել »,–գրել է մյուս օգտատերը։ Մեկն էլ փորձել է ճշտել` արդյո՞ք ՊԵԿ նախագահն է տվյալները ուղարկում նրան։
Ավելի վաղ, Սուրենյանը գրել էր, թե անհամբեր սպասում է ձյան գալուն։
«Այ մարդ, երբ է ձյուն գալու հոգիս ազատվի։ Ձյան հարցով արդեն գրում են ոչ միայն երեխաները, այլ նաև նրանց ծնողները»։
Նշենք, որ օրեր առաջ Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ նորմայից բարձր ջերմաստիճան է սպասվում ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ Եվրոպայում, Ռուսաստանի Եվրոպական մասում, Փոքր Ասիայում, Մերձավոր Արևելքում, Կովկասում։