ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Էրեբունիում երեկ «Վստրեչի ապերի» մտերիմին սպանած անձի ինքնությունը պարզվել է. հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Էրեբունի վարչական շրջանում գտնվող Երկաթուղայինների 2-րդ փողոցում սպանել էին «Վստրեչի ապերի» մտերիմներից մեկին։
«43-ամյա տղամարդու սպանության ենթադրյալ կատարողը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1979 թվականին: Որոշում է կայացվել՝ վերջինիս ձերբակալելու վերաբերյալ»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Բժշկական կենտրոնից առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները։ Իսկ դիակի կրծքավանդակի հրազենային վնասվածքից դուրս է բերվել և առգրավվել թվով 5 արճճային պարունակությամբ գնդակ:
Քրեական հեղինակություն Վստրեչի ապերը համաներումով ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր։ Զննության է ենթարկվել նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի վարած ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչը։ Հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ:
«Վստրեչի ապերն» ազատ է արձակվե՞լ. փաստաբանի պատասխանը
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, զինամթերք պահել, կրելը)։
Նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանը` «Վստրեչի ապերը», հայտնի քրեական հեղինակություն է։