Նախկինում կոռուպցիայի դեմ պայքար, ըստ էության, չի եղել, այսինքն՝ ժամանակ առ ժամանակ դատավորներ կամ տարբեր մարդիկ են կալանավորվել կաշառք վերցնելու կամ այլ պատրվակներով, բայց այդ ամենը եղել է ընդամենը PR ակցիա: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Նախկին համակարգն ավտորիտար բնույթ ուներ, իսկ ավտորիտար համակարգերն աշխարհի բոլոր երկրներում եղել են կոռումպացված, ինչը ցանկացած փակ համակարգի հատկանիշն է»,- նշում է Սուրենյանցը:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ մինչև «թավշյա հեղափոխությունը» կոռուպցիայի դեմ պայքարն ավելի շատ կարգախոս էր, որի շնորհիվ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի իշխանությունները եվրոպական կառույցներից գումարներ էին ստանում, կամ իրենց լեգիտիմության հարցն էին որոշակիորեն լուծում:
«Իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվելու». նախարարը` կոռուպցիայի մասին
«Հեղափոխությունից հետո իսկապես կոռուպցիայի դեմ պայքար ծավալվեց, սակայն խնդիրն այն է, թե որքանով է այդ պայքարն արդյունավետ, որքանով է իշխանությունը քաղաքական կամք դրսևորում և որքանով այն ունի ինստիտուցիոնալ հիմքեր: Կասկածից վեր է, որ Փաշինյանն անձամբ կամք է դրսևորում կոռուպցիան արմատախիլ անելու հարցում, սակայն նշված ինստիտուցիոնալ հիմքերը դեռ ստեղծված չեն: Դա ենթադրում է ոչ միայն մարդկանց կալանավորում, այլև այնպիսի օրենսդրական միջավայրի ու կառավարման համակարգի ստեղծում, որի շնորհիվ կոռուպցիոն ռիսկերը կհասնեն նվազագույնի»,- նշում է Սուրենյանցը:
«Իմ քայլի» ներկայացուցիչն այլևս չի ուզում աշխատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում
Քաղաքագետի գնահատմամբ՝ ինստիտուցիոնալ աշխատանքն արված է կիսատ, իսկ Հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծումը բավարար չէ, մանավանդ, որ հանձնաժողովը չի ձևավորվել մրցակցային հիմքով, կազմվել է խորհրդարանական ուժերի կոնսենսուսի միջոցով, հետևաբար, հանձնաժողովն իր ձևավորման մեխանիզմով արդեն իսկ արդյունավետ լինել չի կարող, թեև դրական հանգամանքն, ըստ Սուրենյանցի, այն է, որ հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ ընտրվեց ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը: