ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգը (Գրիգորյան) վերջերս (հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 3) մասնակցել է «Միսս Սուպերտաղանդ 2019» մրցույթին և արժանացել «Սուպեր զբոսաշրջային թագուհի» կոչմանը:

Մասնակցելու առաջարկը նա ստացել է մրցույթի ազգային տնօրինության կողմից, իսկ Հայաստանից Նաիրայի` մրցույթին մասնակցելու վերջնական որոշումը կազմակերպիչներինն էր՝ կորեացիներինը: «Մրցույթի ընթացքում եղանք երեք երկրում՝ Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և հարակից կղզիների 42 քաղաքում: Մրցույթի կազմակերպիչը կորեական կողմն էր, իսկ մնացած գործառույթներն իրականացրեցին եվրոպացիները: Մրցույթին ներկայացել էին մասնակիցներ 55 երկրներից»,-պատմում է Նաիրան:
Ինչպես է «Երևանի սիրուն աղջիկը» գերել ժյուրիին. Անգելինա Տանանյանն անկեղծացել է
Հաշվի առնելով զբոսաշրջային ոլորտում Նաիրայի հաջողությունները, ինչպես նաև սոցցանցերում նրա ակտիվությունը`մրցույթի ժյուրին որոշել է «Միսս ճանապարհորդային թագուհի 2019» կոչումը շնորհել մեր հայրենակցին` Նաիրային:

«Իրոք, չէի սպասում: Եվս երկու մրցանակ կար՝ տաղանդի ու ցուցադրության համար: Առաջինը ստացավ ազգությամբ կորեացի աղջիկը, որն օպերային երգչուհի էր, իսկ երկրորդը տրվեց Ֆրանսիայի ներկայացուցչին»,-պատմում է Նաիրան` հավելելով, որ մրցույթի շատ մասնակիցներ, ժամանակի սղության պատճառով, այդպես էլ հնարավորություն չունեցան իրենց տաղանդը ներկայացնելու:
Լիանա Ոսկերչյանը «Միսս աշխարհ» մրցույթում կբացահայտի գաղտնիք, որի մասին 3 տարի չի խոսել
«Ես կիթառով համար էի պատրաստել և հայկական ժողովրդական պար, բայց այդպես էլ դրանք ներկայացնելու հնարավորություն չունեցա, քանի որ տաղանդի մրցույթը չկայացավ։ Ամեն դեպքում, սեփական նախաձեռնությամբ, ես մի գիշերում Վան Գոգի «Աստղազարդ երկինքը» նկարեցի ու նվիրեցի կազմակերպիչներին: Նրանք հաճելիորեն զարմացած էին»,–ասում է Նաիրան:

Պարզվում է` մրցույթից պակաս հետաքրքիր չէր հետնաբեմում տեղի ունեցածը: Մրցակից աղջիկները միմյանց վատ դրության մեջ դնելու համար տարբեր «կեղտոտ» քայլերին էին դիմում: Հայուհին վստահեցնում է՝ տարբեր քաղաքներում, որտեղ հայերն իմանում էին մրցույթին իր ներկայության մասին, շտապում էին հանդիպել ու ծանոթանալ:
Սքանչելի հնդկուհին հաղթել է Miss CosmoWorld-2019 գեղեցկության մրցույթում․ լուսանկար
Այսքան հայրենակիցներ տարբեր երկրներում ունենալու հանգամանքն էլ ստիպել էր մի քանիսին նախ գողանալ Հայաստանի ներկայացուցչի «Հայաստան» գրությամբ ժապավենը, ապա ջուր լցնել ազգային տարազի վրա:

Նաիրան վստահեցնում է՝ տաղանդի հետ կապված, նոր մրցույթներին մասնակցելու առաջարկների դեպքում հաճույքով կմասնակցի, իսկ գեղեցկության մրցույթներին մասնակցելու առաջարկները կմերժի, որովհետև գեղեցկությունը ճաշակի հարց է: