ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Ստամբուլ–Երևան չվերթի մոտ 150 ուղևորներ, որոնք պետք է նոյեմբերի 26–ի լույս 27–ի գիշերը մեկնեին հայրենիք, մնացել են Թուրքիայում, քանի որ Atlas Global ավիաընկերությունը չեղարկել է բոլոր թռիչքները։
Ավելի վաղ հաղորդվել է, որ թուրքական Atlas Global ավիաընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ չվերթերը դադարեցվել են նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 21-ը, այդ թվում` Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։
Sputnik Արմենիայի թղթակիցը կապ հաստատեց չվերթի ուղևորներից մեկի` Ստեփան Շահինյանի հետ։
«Ստամբուլ–Երևան չվերթը պետք է կայանար այս գիշեր, բայց առավոտյան մենք իմացանք, որ մեզ հիմարացրել են։ Ոչ մի ընկերություն, որը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով, նախօրոք չի հաղորդել չվերթերը դադարեցնելու մասին։ Մենք այդ մասին իմացանք թռիչքից գրեթե մեկ օր առաջ», – ասաց Շահինյանը։
«Արմենիա» ավիաընկերությունն Անապա–Երևան ուղիղ չվերթ կգործարկի
Նա պատմեց, որ արդեն վեց տարի բիզնեսով է զբաղվում և պարբերաբար Թուրքիա է մեկնում` ապրանք ներկրելու համար։ Այդ ընթացքում ոչ մի անգամ չի բախվել նման իրավիճակի։
«Մեր չվերթի բոլոր ուղևորները հիմա ուղիներ են որոնում, որպեսզի վերադառնան Հայաստան։ Ինչ–որ մեկը որոշել է վերադառնալ Կիևով, մյուսը` Մոսկվայով։ Ինքս տոմս եմ գնել մինչ Թբիլիսի, իսկ այնտեղ տաքսիով կհասնեմ Երևան։ Վաղը գիշերը տանը կլինեմ», – ասաց տղամարդը։
Հայաստանից 10 նոր ուղղությունով չվերթեր կբացվեն. առաջինը կլինի ռուսական «Ազիմուտը»
Չեղարկված տոմսի համար Շահումյանը վճարել է 210 դոլար։ Այժմ Ստամբուլ–Թբիլիսի տոմսի համար նա ստիպված կլինի ծախսել 170 դոլար, իսկ տաքսիով Երևան հասնելու համար` ևս 15 դոլար։ Բացի դրանից, նա ևս մեկ չպլանավորած օր կանցկացնի օտար քաղաքում, իսկ դա նշանակում է, որ կլինեն հյուրանոցի և ուտելիքի չնախատեսված ծախսեր։
Հիշեցնենք, որ որպես թռիչքների դադարեցման պատճառ մատնանշված է 2016–ից Թուրքիայում սկսված տնտեսական վայրիվերումներն ու դրա պատճառով ընկերության ունեցած կորուստները: Դրան գումարվել է նաև Ստամբուլի նորաբաց օդանավակայանի թանկ ծախսերը, ինչի հետևանքով ընկերությունը ստիպված է եղել ֆինանսական խնդիրների լուծման համար ժամանակավորապես դադարեցնել չվերթերը:
«Ատլաս Գլոբալը» ուղիղ չվերթեր էր իրականացնում Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ։