ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Գործող իշխանությունը խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին այլևս չի ընդունում որպես նախկին «հանրապետական գործարարի», ուստի ավելի քան հստակ է, որ հենց Ալեքսանյանն է քաղաքին նվիրաբերել երկու տասնյակ «ԿամԱԶ»-ները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Ինձ շշմեցնում է այն, որ «Իմ քայլը» խմբակցությունը, որը յուրաքանչյուր հաջորդ եկած բեռնատար մեքենա նկարում է, այսօր չի ցանկանում անդրադառնալ հարցին, թե ի վերջո այդ երկու տասնյակ և ավելի մեքենաները ումի՞ց է նվեր ստացել և ինչի՞ դիմաց »,-ասաց նա:
Խաժակյանի խոսքով` եթե նախապես հայտարարեին, որ օրինակ` «Ալեքս հոլդինգը» ցանկանում է իրենց նվեր անել, ապա բոլորը դա կհասկանային, ավելին` դա կլիներ թափանցիկ հրապարակային գործընթաց: Սակայն ամիսներ շարունակ դա գաղտնի են պահել:
Նոր վերելակներ` հին շենքերում. քանի շենք կարժանանա այդ բախտին
«Կարծում եմ՝ իրենք հասկանում են, որ դա խնդիր է, և գաղտնի պահելը պայմանավորված է նաև որոշակի հանգամանքներով, փոխադարձ ըմբռմամբ: Այսօր համացանցում տեղեկություն հայտնվեց, որ Դավթաշենում մեծ կառուցապատում է իրականացվել, որի դիմաց խնդրել, կամ ակնկալել են այդ նվերը: Այս տեղեկությունները պետք է պարզաբանվեն»,- նշեց նա:
Նշենք, որ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքեց «Լույս» խմբակցության հայտարարությունը, թե ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը 20-ից ավելի բեռնատար ավտոմեքենաներ է նվիրել Երևանին:
«Քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ստացել։ Ես հերքում եմ, այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասանում։ Եթե որևէ գործարար որոշի օժանդակել քաղաքին, նվեր մատուցել, քաղաքը միայն շնորհակալ կլինի»,- ասաց Կարապետյանը։
Ինչու են Դալմայում քանդել գինու հնձանը. քաղաքապետարանը մեղադրում է նախկիններին
Նա տեղեկացրեց, որ 50 աղբահավաք մեքենաներից 35-ը գնվել է պետության գումարներով, նվեր են ստացել 15-ը, բայց թե որ կազմակերպությունները կամ ովքեր են նվիրատուները, Կարապետյանն այս պահին չցանկացավ բացահայտել։ Նա խոստացավ ապագայում անուններ հրապարակել։