ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik, Մարիաննա Փայտյան. Երևանում նոյեմբերի 15-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Հունաստան ֆուտբոլային խաղին ընդառաջ Sputnik Արմենիան առանձնացրել է 20 փաստ Հունաստանի մասին, որոնք, միգուցե, շատերս չգիտենք:
Ասում են՝ հայերն ու հույներն իրար շատ են նման: Երևի պատճառը պետք է պատմության մեջ փնտրել. մեր երկու ժողովուրդների ճակատագրերը դարերի ընթացքում հաճախ են հատվել: Այսօր երկու երկրների միջև ամուր բարեկամություն է հաստատված: Թվում է, թե Հունաստանն այն երկրներից է, որի մասին մենք շատ բան գիտենք: Իրականում, այդպե՞ս է… Մենք առանձնացրել ենք Հունաստանի մասին 20 հետաքրքիր փաստ, որոնց մասին միգուցե դեռ չգիտեիք:
1. Հին հունական լեգենդներից մեկի համաձայն, երբ Աստված ստեղծեց աշխարհը, նա ամբողջ հողը մաղեց երկրի վրա: Երբ բոլոր երկրներն արդեն լավ հող ունեին, նա մաղում մնացած քարերը նետեց ուսի վրայով և այդպես ստեղծեց Հունաստանը:
2. Հունաստանն ունի ավելի քան 1400 կղզի, որոնցից միայն 227-ն են բնակեցված: Ամենամեծ կղզին Կրետեն է:
3. Հունաստանում տարվա մեջ լինում է 250-ից ավելի արևառատ օր կամ ավելի քան 3000-ից ավելի արևոտ ժամ:
4. Հունաստանում ցանկացած կետից մինչև ծովափ հեռավորությունը չի գերազանցում 137 կմ-ը:
5. Հունաստանն առանց ընդհատումների բնակեցված է եղել գրեթե 7000 տարի: Աթենքը Եվրոպայի ամենահին քաղաքներից է, միաժամանակ սա ժողովրդավարության, արևմտյան փիլիսոփայության, Օլիմպիական խաղերի, քաղաքագիտության, արևմտյան գրականության, մաթեմատիկական հիմնական սկզբունքների և շատ այլ բնագավառների, ուղղությունների ծննդավայրն է:
6. Հունաստանն ամենաշատ հնագիտական թանգարաններ ունեցող երկիրն է ամբողջ աշխարհում: Հին աշխարհի յոթ հրաշալիքներից երեքը (Արտեմիսի տաճարը, Զևսի արձանը և Հռոդոսի կոթողը) ժամանակին գտնվել են Հունաստանում։
7. Հունաստանում առաջին Օլիմպիական խաղերն անցկացվել են մ.թ.ա. 776 թվականին: Առաջին օլիմպիական չեմպիոնը եղել է Կորեբուս անունով հույն խոհարարը: Ի դեպ, յուրաքանչյուր Օլիմպիադայի ժամանակ հին հույները Զևսին 100 ցուլ էին զոհաբերում:
8. Լորդ Ջորջ Բայրոնն այնքան էր հիացած հույներով, որ մեկնել էր Հունաստան՝ մասնակցելու թուրքերի դեմ մղվող պայքարին հանուն հույն ժողովրդի անկախության: Ի դեպ, մարտնչող հույների մասին շատ հետաքրքիր կարծիք է հայտնել Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը. «Մենք չենք ասում, որ հույները պայքարում են հերոսների նման, այլ հերոսներն են պայքարում հույների պես»:
9. Երբևէ լսե՞լ եք «Հույն-թուրքական երկրաշարժերի դիվանագիտություն»: Այս եզրույթն առաջացել է 1999 թվականից հետո, երբ երկրաշարժը պատուհասեց երկու երկրները: Այդ ժամանակ նրանք անցյալում թողեցին ատելությունն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին: Իսկ հույն-թուրքական լարված հարաբերությունները սկիզբ են առել դեռ 13-րդ դարում, իրավիճակը լարվել է նաև նորօրյա պատմության շրջանում, երբ թուրքերը ներխուժեցին Կիպրոս:
10. Հունաստանում ընտրությունների ժամանակ որևէ քաղաքացի չի կարող որոշել, ասենք` չմասնակցել ընտրություններին և չքվեարկել: Քվեարկելն օրենքով պարտադիր է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու համար:
11. Հունաստանի բնակչության գրեթե 40 տոկոսն ապրում է մայրաքաղաք Աթենքում: Ամբողջ երկրի բնակչությունը մոտ 10 միլիոնից ավելի է, իսկ ամեն տարի այցելող զբոսաշրջիկների թիվն էլ գրեթե 17 միլիոն, այսինքն՝ 7 միլիոնով ավելի բնակչության թվից: Տուրիզմի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում գրեթե 16 տոկոս է:
12. Հունաստանի բնակչության մոտավորապես 98 տոկոսն էթնիկ հույներ են: Ազգային փոքրամասնությունների թվում ամենամեծ համայնքն ունեն թուրքերը, նաև ալբանացիները, մակեդոնացիները, բուլղարացիները, հայերն ու գնչուները:
13. 1950-ականներին չափահաս հույների միայն 30 տոկոսն էր, որ կարդալ և գրել գիտեր: Այսօր երկրում գրագիտությունը 95 տոկոսից բարձր է:
14. Հույներն արթնանում են առավոտյան 5-6-ին, քնում են 11-ից հետո: Քնի պակասը լրացնում են ցերեկը՝ սիեստայի ընթացքում 1-2 ժամ քնելով:
15. Կյանքի տևողությամբ Հունաստանը 26-րդ տեղում է աշխարհում: Կանանց համար կյանքի միջին տևողությունը 82 տարի է, տղամարդկանցը՝ 77:
16. Ամուսնալուծությունների թվով Հունաստանը Եվրոպական միության երկրների շարքում վերջին տեղում է:
«Դուխներդ տեղը, ամեն ինչ շատ լավ է, որևէ խնդիր իրականում չկա». Վանեցյան
17. Ձիթայուղի արտադրության ծավալով Հունաստանն աշխարհում երրորդ տեղում է: Հույները սկսել են ձիթապտուղ մշակել դեռ հնագույն ժամանակներից: Հունաստանում կան ձիթենիներ, որոնք տնկվել են 13-րդ դարում, բայց մինչև այսօր բերք են տալիս:
18. Հույները երբեք որևէ մեկին ողջունելիս օդում ձեռքը բաց ափով չեն թափահարում, ձեռքի ափը ցույց տալը վիրավորական է համարվում:
19. Ինչ-որ մեկին հաճոյախոսելիս հույները սեղմած շուրթերի արանքից մի տեսակ տարօրինակ կերպով «դուրս են մղում շունչը»: Դա արվում է հաճոյախոսություն ստացած անձին չար աչքից պաշտպանելու համար (ինչպես մենք՝ հայերս էլ թու-թու ենք ասում՝ հանկարծ «աչքով չտալու» համար):
20. Հունաստանում ֆուտբոլն ազգային սպորտաձև է: