ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Երևանում 65–ամյա բախտագուշակ կինը դանակով հարվածել է 27–ամյա երիտասարդի։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com—ը, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ժամը 05։40-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի աջ կողային շրջանի և աջ գոտկային շրջանի կտրած-ծակած թափանցող վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 27-ամյա Հակոբ Խաչատրյանն է, որն, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու։
Իրավապահներին հաջողվել է պարզել, որ նշված հանցագործությունը կատարել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 65-ամյա Անահիտ Մաթևոսյանը։ Նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։
Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 03։00-ի սահմաններում, երբ Հ. Խաչատրյանը, գտնվելով գինովցած վիճակում, իր մտերմուհու հետ այցելել է Ա. Մաթևոսյանի տուն և պահանջել, որ վերջինը «իր բախտը նայի»։ Ա. Մաթոևսյանը դիտողություն է արել Հ. Խաչատրյանին, ինչը դուր չի եկել վերջինիս, և նա հայհոյանքներ է հնչեցրել Ա. Մաթևոսյանի հասցեին։ Մաթևոսյանը վերցրել է խոհանոցային դանակը և մի քանի անգամ հարվածել Հ. Խաչատրյանին։
Վերատեղադրման փոխարեն ապամոնտաժել և խցանել են ԱԱԾ ընդունելությունների տան կոյուղագիծը
Բժիշկների հավաստմամբ` վիրավոր Հ. Խաչատրյանը ծայրահեղ վիճակից արդեն դուրս է եկել։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական և դատահետքաբանական։
Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հարուցվել է քրեական գործ։