ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Jamiroquai լեգենդար բրիտանական ջազ–ֆանկ խմբի ֆրոնթմեն Ջեյսոն Քեյը շատ հուզված է Երևանում կայանալիք համերգից առաջ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Silk Note փառատոնի կազմակերպիչները։ Փառատոնի շրջանակում այսօր երեկոյան խումբը հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
«Նա յուրաքանչյուր համերգից առաջ շատ է հուզվում։ Սիրում է փակվել հյուրանոցի իր սենյակում և դուրս չգալ ամբողջ օրը», – հայտնեցին կազմակերպիչները։
Այնուամենայնիվ, լրագրողներին հաջողվեց «որսալ» երաժիշտին, երբ վերջինս հայտնվեց հյուրանոցի նախասրահում։ Կարճ զրույցում Ջեյ Քեյը պատմեց, որ Հայաստանում իրեն ամենաշատը դուր է եկել ուտելիքը։
Ջազ, օպերա և Պուշկին. Սթենլի Քլարկը Երևանում պատմեց իր նոր ու մեծ նախագծի մասին
Նույն հյուրանոցում այսօր անցկացվեց նաև Jamiroquai–ին նվիրված ասուլիսը, սակայն խմբի մասնակիցներից ոչ ոք ներկա չէր։ Խմբի համերգը կազմակերպվել է Հայաստանի մշակութային զբոսաշրջության միջազգային ասոցիացիայի, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող Berin Iglesias Art միջազգային գործակալության աջակցությամբ։ Գործակալության ներկայացուցիչ Խորխե Իգլեսիասը լրագրողներին հայտնեց, որ իրենց առաջին համագործակցությունը Հայաստանի հետ բավական արգասաբեր էր։
«Մենք նախատեսում ենք հետագայում ևս համագործակցել, քանի որ համարում ենք, որ Հայաստանում մեծ ներուժ կա համերգների և նման նախագծերի համար», – ընդգծեց Իգլեսիասը։
«Հայաստանի մասին շատ եմ լսել, Լոնդոնում մեծ համայնք կա». Jamiroquai բենդը ժամանեց Երևան
Ի դեպ, Խորխե Իգլեսիասը ոչ միայն հայտնի փոփ երգիչ Էնրիկե Իգլեսիասի ազգանվանակիցն է, այլև նրա հորեղբոր տղան։ Իհարկե, լրագրողները հետաքրքրվեցին իվենթ–մենեջերից, թե Հայաստանում երբ կանցկացվի իր հայտնի ազգականի համերգը, ինչին նա կարճ պատասխանեց` տեսնենք։
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն իր խոսքում ընդգծեց, որ փառատոնի կազմակերպման համար հիմնադրամը դոնորներ է ներգրավել և նոր հանգանակություններ ստացել։
«Այս փառատոնը հնարավոր դարձավ նոր ներդրումների շնորհիվ, և ոչ թե մեր մյուս նախագծերի հաշվին», – ավելացրեց նա։
Jamiroquai խումբը հանդես է գալիս 1992 թվականից։ Jamiroquai–ը իրոկեզներ ցեղի անվանումն է, որից, վարկածներից մեկի համաձայն, սերում էր խմբի վոկալիստ և հիմնադիր Ջեյսոն Քեյի հայրը։ Խումբը համաշխարհային ճանաչում ստացավ 1996 թվականին, երբ լույս տեսավ իրենց երրորդ Travelling Without Moving ալբոմը, որը վաճառվեց 11 միլիոն օրինակով։
Այս ալբոմի գլխավոր հիթն, ամենայն հավանականությամբ, կատարում են նույնիսկ նրանք, ովքեր այդքան էլ ծանոթ չեն խմբի ստեղծագործական գործունեությանը։ Խոսքը Virtual Insanity–ի մասին է։ Այս երգի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Ջոնաթան Գլեյզերը։