ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 3-ի լուսադեմից սկսած` երկինքը լիարժեք կպարզվի, տեղումները բոլոր մարզերում կդադարեն։ Facebook-ի իր էջում այս մասին գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Ժողովուրդ ջան, հեչ չտխրեք»,– հորդորել է ՀՀ գլխավոր օդերևութաբանը` նշելով, որ առաջիկա 10 օրը Հայաստանում կանցնեն առանց տեղումների ու առանց ամպամածության։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-8-ին ցերեկային ժամերին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա շուրջ 7-9 աստիճանով։ Իսկ նոյեմբերի 8-ին հանրապետության հովտային գոտում, այդ թվում և Երևանում ցերեկը ջերմաստիճանը կհասնի արդեն +18․․․+20 աստիճանի։
«Վայելենք մեր ոսկե աշունը»,– եզրափակում է Սուրենյանը։
«Սուրենյանը ճիշտ էր, մենք` սխալ». Շիրակում տեղացել է առաջին ձյունը. լուսանկարներ
Հիշեցնենք` այսօր` նոյեմբերի 2-ին, հանրապետության ամբողջ տարածքում մինչև օրվա վերջ տեղումներ են գրանցվելու, առանձին վայրերում՝ ինտենսիվ, իսկ ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա գտնվող շրջաններում արդեն տեղացել է այս տարվա առաջին ձյունը։