Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժում ստացող Էդգար Գրիգորյանի և ծառայության ժամանակ մահացած հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի գործողությունները խիզախության և հերոսության օրինակ են, և պետությունը՝ ի նշան երախտագիտության, մտադիր է պետական պարգևներ շնորհել նրանց: Այս մասին ասել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր՝ նոյեմբերի 1-ին այցելելով հրշեջ-փրկարարին, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Նախարարը նշել է, որ անձնական հսկողության տակ է պահում Էդգար Գրիգորյանի բուժման հետ կապված բոլոր հարցերը:
Վարչապետն այցելել է Վանաձորում ծառայության ժամանակ մահացած հրշեջ-փրկարարի ընտանիքին
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը տեղեկացրել է, որ հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, սակայն առկա է որոշակի դրական դինամիկա:
Հիշեցնենք՝ հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանը ծանր այրվածքներ է ստացել հոկտեմբերի 25-ին Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ժամանակ:
Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հանկարծ քամի էր սկսվել, ու կրակը տղաներին շրջապտույտի մեջ էր վերցրել։ Նրանցից մեկը` 22-ամյա հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանը, մահացել էր։ Նա, ի դեպ, Ապրիլյան պատերազմի մասնակից էր:
Ողբերգական դեպք Լոռիում. հրշեջներից մեկը մահացել է, մյուսին տեղափոխելու են Երևան
Տուժած հրշեջը` 27-ամյա Էդգար Գրիգորյանը, Վանաձորի բժշկական կենտրոնից տեղափոխվել էր Երևանի ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն: Տուժածի մոտ առկա է մարմնի մակերեսի 40% այրվածք: