Ուղիղ 502 տարի առաջ՝ 1517 թվականի հոկտեմբերի 31-ին վանական Մարտին Լյութերը գերմանական Վիտենբերգ քաղաքի տաճարի դռանը մեխերով ամրացրեց մի թուղթ, որի վրա շարադրել էր իր 95 թեզերը, ինչից էլ աշխարհում սկսվեցին այնպիսի արմատական փոփոխություններ, որոնց հետևանքները մենք, կարելի է ասել, զգում ենք մինչև հիմա։
Ինչն էր Մարտին Լյութերի ընդվզման հիմնական պատճառը. վերջին հաշվով՝ անհավասարությունն ու անարդարությունը: Տեսեք, թե ինչ էր կատարվում Մարտին Լյութերի ժամանակներում։
Եկեղեցու հասարակ սպասավորներից շատերը պարզապես անգրագետ էին, չէին կարողանում կարդալ Աստվածաշունչը, ստիպված էին փող վաստակել՝ պանդոկներում և խաղատներում աշխատելով։ Այնինչ բարձրաստիճան հոգևորականները՝ արքեպիսկոպոսները, կարդինալները ունեին դղյակներ, որոնց բազմաթիվ սենյակների պատերը զարդարված էին ահմենահայտնի նկարիչների ստեղծագործություններով։
Միայն մի փաստ բերեմ։
Ինչ եք կարծում՝ եվրոպական որ քաղաքում էր մարմնավաճառների թիվն ամենից մեծ։ Այո, շատ ճիշտ եք՝ Հռոմում, որովհետև հենց այնտեղ էր ապրում բարձրաստիճան հոգևորականների մի զգալի մասը։
Եվ հենց նրանք էին օգտվում մարմնավաճառների ծառայություններից։ Այդ հոգևորականները ապօրինի երեխաներ և սիրուհիներ ունեին։ Նաև գաղտնիք չէ, որ Հռոմի պապերից մեկը մահացել է սեքսի ժամանակ։
Եկեղեցական պաշտոնները անթաքույց վաճառվում էին, ուղղակի աճուրդի էին հանվում, և պաշտոնը բաժին էր հասնում ամենից շատ վճարողին։
Պատմաբաններն են հավաստում, որ պապերից մեկը մերօրյա փողերով մոտ մեկ միլիարդ դոլար էր վաստակել շուրջ 10 հազար պաշտոն վաճառելով։ Հասկանալի է չէ՞, թե սա ինչի էր հանգեցնում։
Նրանք, ովքեր գնել էին պաշտոնը, բնականաբար, հետո ձգտում էին հետ բերել փողը և բարձրացնում էին իրենց ծառայությունների սակագները։
Բայց ամենից շատ Մարտին Լյութերին վրդովեցնում էր այն, որ հոգևորականները ինդուլգենցիա, այսինքն մեղքերի թողություն էին վաճառում։ Դա արդեն ինդուստրիա էր դարձել։
Չգիտեմ՝ տեղյակ եք արդյոք, որ Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարը նաև ինդուլգենցիաների վաճառքից ստացված գումարներով է կառուցվել։
Մարտին Լյութերի դիսիդենտական գաղափարները աջակցություն էին գտնում հասարակության բոլոր շերտերում և հենց դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ նրա նախաձեռնած բողոքական շարժումը շատ արագ տարածվեց ողջ Եվրոպայում։ Բայց միևնույն ժամանակ, այդ շարժումը շատ արագ էլ տրոհվեց բազմաթիվ հոսանքների՝ կալվինիզմ, բապտիզմ, անաբապտիզմ, ադվենտիզմ և այլն։
«Ռեֆորմացիան մեզ տվեց առաջադիմության գաղափարը՝ այն հույսը, որ ապագան ավելի լավը կարող է լինել, քան անցյալը, և այդ ապագան նաև կարող է արմատապես տարբերվել անցյալից»։
Ի՞նչ կարելի է ավելացնել։ Երևի միայն այն, որ, համաձայնեք, ի վերջո Ռեֆորմացիան ոչ այլ ինչ էր, եթե ոչ ընդվզում կոռուպցիայի և իշխանության չարաշահման դեմ։ Իսկ այդ երևույթների դեմ պայքարը այսօր նույնքան հրատապ է, որքան 500 տարի առաջ։