Թուրքիան ԱՄՆ-ի համար աստիճանաբար դառնում է դժվար կառավարելի: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«Ամերիկյան վերնախավում մեծ դժգոհություն կա Ռուսաստանի հետ Թուրքիայի գործարքներից սպառազինությունների բնագավառում: Քննարկվում է նաև ռուսների`Թուրքիայում ատոմակայան կառուցելու թեման,- ասաց նա:
Ըստ Սաֆրաստյանի` մյուս գործոնը սիրիական խնդրում Թուրքիայի դերակատարությունն է, քանի որ ԱՄՆ-ում ի սկզբանե դեմ էին Թուրքիայի գործողություններին:
«Ե՛վ Պենտագոնը, և՛ ԱՄՆ պետդեպարտամենտը շարունակում են դեմ լինել Թուրքիայի նկրտումներին, սակայն հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Թրամփի ու Էրդողանի հեռախոսազրույցը, որի ընթացքում Թուրքիայի նախագահը կարողացավ համոզել Թրամփին կանաչ լույս վառել Թուրքիայի առջև: Մեկ օր հետո սկսվեց թուրքական ներխուժումը Սիրիա»,- նշեց թուրքագետը:
Հայոց եղեռնի հարցն օրակարգ է մտել. ԱՄՆ կոնգրեսականի կոչը
Նրա կարծիքով` Թուրքիային որոշակի արտոնություններ տրվել են, սակայն այդ երկիրը, սովորության համաձայն` խախտել է պայմանավորվածությունները, ինչն էլ հարուցեց ամերիկյան իսթեբլիշմենթի նոր դժգոհությունը:
«Այս ամենը գումարվեց ու հանգեցրեց նրան, որ ԱՄՆ-ի քաղաքական վերնախավը Թուրքիայի նկատմամբ ձևավորեց կոնսենսուս: Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակները դեմոկրատ կոնգրեսականներն են, բանաձևը մտավ օրակարգ և վերջնական քվեարկության ժամանակ հանրապետականները, որոնք նախապես դեմ էին բանաձևի օրակարգ մտնելուն, դեմոկրատների հետ միասին, կողմ քվեարկեցին բանաձևին, ինչն աննախադեպ է»,- ասաց Սաֆրաստյանը:
Բացի այդ, նախագահի ադմինիստրացիան չմիջամտեց գործընթացին:
Հիշեցնենք` ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում 405 կողմ, 11 դեմ քվեով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունվել:
Նշենք, որ վերջին 40 տարիների ընթացքում առաջին անգամ Սպիտակ տան վարչակազմը ճնշում չի գործադրել Ներկայացուցիչների պալատի վրա Հայոց ցեղասպանության հարցում։ Ավելի վաղ բոլոր նախաձեռնությունները և բանաձևերն արգելափակվել են ու չեն հասել Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը։
«Կարևոր քայլ է». Փաշինյանը` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևի մասին