ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Տոկիոյում հանդիպելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, նշել է, որ երկու ժողովուրդները միասին կարող են շատ ավելին անել։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Մենք լավ հարևաններ ենք, և միշտ էլ հաճելի է հանդիպել բարեկամ երկրի նախագահի հետ։ Մենք ունենք համագործակցության շատ լայն սպեկտր և, անկասկած, հսկայական ներուժ։ Մեր համատեղ գործունեության հնարավորությունները շատ ավելի մեծ են»,–ասել է Սարգսյանը։
Զուրաբիշվիլին իր հերթին նշել է, որ երկու ժողովուրդները միասին երկար ճանապարհ ունեն անցնելու, և նրանցից է կախված, թե ինչպես կօգտագործեն տարածաշրջանում առկա մեծ ներուժը։ Նա Հայաստանի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան։
Հայաստանում ավելի մեծ տնտեսական աճ կգրանցվի, քան հարևան երկրներում. միջազգային կառույցներ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության ու զարգացումների շուրջ։ Նշելով, որ Կովկասը մի տարածաշրջան է, որտեղ խաչվում են տարբեր քաղաքակրթություններ ու մշակույթներ՝ նրանք համաձայնել են, որ միմյանց նկատմամբ հարգանքը, հանդուրժողականությունն ու կայունությունն առաջընթացի կարևոր և անհրաժեշտ պայման են:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը Տոկիոյում է կայսր Նարուհիթոյի գահակալության պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով, որը տեղի էր ունեցել երեկ։