ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Ճապոնիայի կառավարության հրավերով Տոկիոյում ներկա է գտնվել Ճապոնիայի նոր կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր տոնակատարությանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Միապետին գահակալման առթիվ շնորհավորական խոսք է ուղղել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն:
Ավանդապաշտ Ճապոնիայում կայսրն ունի հիմնականում ներկայացուցչական լիազորություններ։ Սահմանադրության համաձայն՝ Ճապոնիայի կայսրը պետության և ազգի միասնության խորհրդանիշն է և իրականացնում է արարողակարգային գործառույթներ:
Ճապոնիայի՝ այժմ արդեն նախկին կայսր 85-ամյա Ակիհիտոն գահից հրաժարվել էր այս տարվա ապրիլին՝ այն փոխանցելով որդուն: Նոր կայսեր գահակալությամբ Ճապոնիայում ավարտվել է ազգային ժամանակագրության Հեյսեյ՝ «Խաղաղություն հաստատելու դարաշրջանը», որը սկսվել էր 1989թ., և մեկնարկել է 59-ամյա Նարուհիթոյի գահակալության ժամանակաշրջանը, որը ստացել է Ռեյվա անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «կարգ ու կանոն և ներդաշնակություն»։ Կայսերական ընտանիքն ունի հազարամյա պատմություն։ Նարուհիթոն այս դինաստիայի, որը գոյություն ունի ավելի քան 2600 տարի, 126-րդ կայսրն է: