ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նախապես չի իմացել։ Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը։
«Ես էլ եմ երեկ այդ մասին իմացել` մամուլից»,– ասաց Թունյանը։
Պատգամավորը խոստովանեց, որ փորձելու է տեղեկանալ այդ որոշման մանրամասներին, բայց ոչ հրապարակավ։
«Ոչ ամբիոնից, որովհետև դա մեր թիմի ներքին որոշելիքն է»,– նշեց նա։
Այդուհանդերձ, Թունյանը, նախարարների աշխատավարձերը բարձրացնելու որոշմանը դեմ չէ։
«Կարծում եմ` արդարացված է, որովհետև մենք կոմպետենտ, որակյալ կադրեր ներգրավելու և նրանց պահելու խնդիր ունենք»,– ընդգծեց պատգամավորը։
Պատգամավորը, սակայն, հիշեցրեց` եթե նախարարների աշխատավարձերը բարձրանում են, ուրեմն` պետք է ամբողջ պետական համակարգի աշխատավարձերը վերանայվեն, քանի որ դրանք հաշվարկվում են բազային աշխատավարձի գործակցով։ Նախարարների աշխատավարձերի գործակիցը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով 12 է, պատգամավորներինը` 10։
«Կքննարկենք` ինչու է այդպես տեղի ունեցել». Մակունցը` աշխատավարձերի գաղտնի բարձրացման մասին
«Պատգամավորների աշխատավարձերի բարձրացման մասին գաղտնի որոշում չկա»,- վստահեցրեց Թունյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 21-ին «Հետքը» գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացրել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։
Ըստ «Հետքի»` Փաշինյանն աշխատավարձերի բարձրացման հանձնարարականը տվել է հուլիսին։
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով նախարարների աշխատավարձը սահմանված է 793 հազար 680 դրամ, նախարարի առաջին տեղակալինը` 661 հազար 400 դրամ, նախարարի տեղակալինը` 562 հազար 190 դրամ, նախարարի գլխավոր խորհրդականինը` 308 հազար 305 դրամ, խորհրդականինը` 363 հազար 770 դրամ։
«Ով քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին, պաշտոն է ստացել». Ծառուկյանը` իշխանության մասին