ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան գործով առանցքային վկան հեռացել է Հայաստանից: Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը։
«Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննված անձն այս պահին Հայաստանում չէ։ Վկայի կարգավիճակ ունեցող անձին երկրից դուրս գալու արգելք օրենքով չի կարող ներկայացվել»,– ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` նախքան մեկնելը վկան նախաքննական մարմնին հայտնել է, որ ընդամենը մի քանի օրով է մեկնում:
Հայկ Հարությունյանի մահվան գործով առանցքային վկան դեպքի օրը նրա հետ առանձնատանը գտնվող անձն է:
Հայկն ուժեղ մարդ էր. Ալիկ Սարգսյանը` Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածի մասին
Ըստ շրջանառվող լուրերի` այդ անձնավորությունը կին է։ Նա լսել է կրակոցի ձայնը և հյուրասենյակում հայտնաբերել Հարությունյանի դին: Հետո խուճապահար դուրս է եկել տնից ու պատահական անձանցից օգնություն խնդրել:
Մարդիկ արձագանքել են և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին, նաև ահազանգել շտապօգնություն:
Հիշեցնենք` նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին` գլխին հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր սեպտեմբերի 23–ին։
Հայկ Հարությունյանն առանձնատանը մենակ չի եղել. նոր մանրամասներ` նախկին ոստիկանապետի դեպքից