ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի –Sputnik. Երևանում այս կիրակի, ուղիղ կեսօրին, Կասկադից քիչ հեռու գտնվող ռետինե ֆուտբոլային դաշտում կանցկացվի ֆուտբոլի առաջին բակային մրցաշարը։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Նոահ» ՖԱ-ի մարզական տնօրեն Հայկ Հովակիմյանը:
«Մրցելու է 16 թիմ` 5-ական խաղացողով, յուրաքանչյուր խաղի համար 10 րոպե է հատկացվելու։ Որ թիմը պարտվի` դուրս կմնա մրցաշարից։ Հաղթող թիմին մենք կնվիրենք PlayStation և Fifa խաղը»,–պատմեց Հովակիմյանը։
«Նոահը» մրցաշարի մասին ավելի վաղ հայտարարել էր սոցցանցերում։ Կազմակերպիչները բոլոր ցանկացողներին կոչ էին արել գրանցվել։ Շուրջ 40 թիմ է հավաքվել, և մրցաշարը, որը նախատեսում էր 8 թիմի մասնակցություն, որոշվեց ընդլայնել մինչև 16։
Ի տարբերություն բակային «ոչ պաշտոնական» ֆուտբոլի, այս մրցաշարում պրոֆեսիոնալ մրցավար է լինելու։
«Չէ՞ որ խաղացողները երեխաներ են. որպեսզի վեճերն ու կռիվները բացառենք, մենք որոշեցինք մրցավարություն սահմանել։ «Նոահի» ֆուտբոլիստները նույնպես ներկա կգտնվեն մրցաշարին և կկարողանան ընդմիջման ժամանակ իրենց խորհուրդներով օգնել խաղացողներին, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,–ավելացրեց Հովակիմյանը։
«Նա դա անհավանական է անում». 9–ամյա տղան ֆուտբոլ է խաղում տեսողությունը կորցնելուց հետո
Մրցաշարին կարող են մասնակցել ոչ միայն տղաները, այլև աղջիկները։ Ֆուտբոլային ակումբի համար կանանց ֆուտբոլի զարգացումը նորություն չէ։ «Նոահն» ունի կանանց սեփական ակումբը, որը բավական հետաքրքիր խաղ է ցուցադրում։
Մրցաշարի ընթացքում երկրպագուներին սպասում է ոչ միայն թեժ պայքար առաջին տեղի համար, այլև ժամանցային ծրագիր։ Երաժշտական մասը կապահովի դիջեյ Լեոն։
Ֆուտբոլ, դասեր ու սեր. 20-ամյա գյումրեցի աղջկա երազանքները
«Նոահ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 2017 թվականին։ Նույն թվականին թիմը սկսել է հանդես գալ Հայաստանի առաջին լիգայում և ստացել «Արցախ» անվանումը։ 2018 թվականին «Արցախ» թիմը իրավունք վաստակեց մասնակցելու Հայաստանի պրեմիեր լիգային։ Նույն թվականի դեկտեմբերին ռուսաստանցի գործարար Կարեն Աբրահամյանը դարձավ ակումբի նոր սեփականատեր և նախագահ։ Իսկ 2019 թվականին ակումբը վերանվանվեց «Նոահ»։