ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը խաղամոլ չէ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հերքեց իր տեղակալի մասին մամուլում շրջանառվող տեղեկությունները։
«Ռաֆիկ Մաշադյանին ես ճանաչում եմ 1988թ–ի սեպտեմբերի 1-ից, 30 տարվա ընկերներ ենք։ Եվ պատկերացրեք, որ խաղադրույք կատարել-չկատարելու թեմայով մենք երբևիցե չենք էլ զրուցել։ Գիտեք ինչու՞`որովհետև ես գիտեմ, որ նման բան չկա»,–ասաց Անանյանը։
ՊԵԿ նախագահը միաժամանակ շեշտեց, որ որևէ մեկին, այդ թվում` պետական ծառայողին արգելված չէ խաղադրույք կատարել, եթե, իհարկե, այդ սովորությունը չի վերածվում հիվանդության։
«Բայց եթե կա այնպիսի անձ, որը խաղադրույք է կատարում, ու այդ խաղադրույքը կատարելու ընթացքում պարբերաբար պարտվում է, ու զանազան տեղերից փող հայթայթելու ժամանակ նաև կարող է վտանգել իր ծառայողական պարտականությունների կատարումը, մենք այդպիսի անձի հետ ճանապարհ չունենք գնալու»,- հավաստիացրեց ՊԵԿ նախագահը։
Վարչապետի հայտարարությունից հետո Շիրակի հարկայինի պետն ազատվել է պաշտոնից
Հիշեցնենք, մամուլի հրապարակումների համաձայն` ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը բուքմեյքերական գրասենյակների մշտական այցելուներից է, ու ամեն անգամ 10-15 միլիոն դրամի խաղադրույք է կատարում։
Ինքը` Մաշադյանն այս լուրերը հերքել է։
Նշենք, որ Ռաֆիկ Մաշադյանը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խորթ մորաքրոջ թոռն է:
Մաշադյանի նշանակումից հետո Աննա Հակոբյանը հայտնել էր, որ իրենք մտերիմ հարաբերություններ չունեն, ամուսինը նրան ընդհանրապես չի ճանաչում, իսկ իրենք վերջին անգամ հանդիպել են 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ:
Մամուլում նաև քննարկման առարկա էր դարձել Ռաֆիկ Մաշադյանի` 2018թ–ի դեկտեմբերին ստացած 9 մլն 60 հազար դրամի պարգևավճարը։