ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի վարսավիր, բայց թղթերով՝ օգնական Սոֆյա Նավասարդյանն արդեն մի քանի ամիս է՝ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը` նշելով, որ նրա գործը կառավարությունում վարչապետի տիկնոջ, երբեմն էլ՝ վարչապետի անձնական «սթայլով» զբաղվելն էր։
«Եվ որպեսզի Աննա Հակոբյանը մշտապես խնամված տեսք ունենա, նա իր անձնական վարսահարդար-ոճաբանին տանում էր հետը օտարերկրյա այցերի, ինչն էլ մամուլում քննարկման առիթ էր դառնում»,– նշված է հոդվածում։
Թերթը հիշեցնում է նաև, որ Սոֆյա Նավասարդյանը նշանակվել էր վարչապետի օգնական, որպեսզի նրա` «պաշտոնական այցերին մեկնելն օրենքով հիմնավորված լիներ»։
Գումարի ծագումն անձամբ ինձ համար կապ չունի. Աննա Հակոբյան
«Օրերս տեղեկացանք, որ Սոֆյային ազատել են աշխատանքից, ընդ որում՝ բավականին անակնկալ և կոշտ ձևով։ Մեզ ասացին, որ դժգոհ են եղել նրա աշխատանքից, համարել են, որ նա է մեղավոր, որ վարչապետի տիկնոջ հագուկապն ու ոճը պարբերաբար քննարկման առարկա են դառնում, և նրան նոր ոճաբանով են փոխարինել»,– գրում է թերթը։
Թեպետ պարբերականի մեկ այլ աղբյուր էլ պնդել է, որ Սոֆյան ինքնակամ է դուրս եկել՝ որոշել է իր սեփական «սալոնը» բացել։
«Շատ եմ սիրում ամուսնուս». Աննա Հակոբյանը խոսել է ամուսնու հետ շրջագայելու մասին
«Հրապարակը» փորձել է լուրը ճշտել Աննա Հակոբյանի գրասենյակից։ Վարչապետի տիկնոջ մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն ասել է, որ Սոֆյան օգոստոսին է ազատվել աշխատանքից՝ իր դիմումի համաձայն։ Ապա հիշեցրել է, որ Սոֆյան կառավարության արարողակարգի բաժնում էր գրանցված, ուստի առաջարկել է դիմել կառավարություն։ Այնտեղից, սակայն, գրավոր հարցում են պահանջել այդ հարցին պատասխանելու համար։
Ինչպես են Վիետնամում դիմավորել Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին. տեսանյութ