ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանում ղեկավարները գիտեն ըստ արժանվույն և պատվով ընդունել ու ճանապարհել հյուրերին։ Այս մասին, պատասխանելով Sputnik Արմենիայի` ի՞նչ տպավորություններով է վերադարձել ՌԴ–ից հարցին` ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը։
«Այսօր, ժամեր առաջ եմ վերադարձել Ռուսաստանից։ Այնտեղ երեկ Յարոսլավլ քաղաքի Ֆեոդոր Վոլկովոյի անվան ռուսական ակադեմիական թատրոնում ներկա գտնվեցի Հայաստանի անկախության 28 և Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգին: Հրաշալի տպավորություններ ունեմ։ Հրաշալի տպավորություններով եմ վերադարձել»,–ասաց նա։
Աննա Հակոբյանը նշեց, որ համերգի ժամանակ ֆրանսահայ երգչուհի Անկինեն Ազնավուրի երգերն է ներկայացրել ու շատ լավ է կատարել։
Հակոբյանի խոսքով` կազմակերպված է եղել հիանալի միջոցառում, որին ներկա են եղել բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ` ՌԴ–ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Յարոսլավլում ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանը, Յարոսլավլի նահանգի ադմինիստրացիայի ղեկավար Իլյա Բալանինը և այլ բարձրաստիճան հյուրեր։
«Շատ ջերմ ընդունելության արժանացա, ինչի համար ուրախ եմ։ ՀՀ անկախության օրվան և Ազնավուրի հոբելյանին նվիրված միջոցառումը նաև միավորող նշանակություն ուներ, և մեր երկու ժողովուրդների` հայերի և ռուսների բարեկամությունը փաստող իրադարձություն էր։ Առհասարակ, Ռուսաստան այցի ծրագիրը բավական հագեցած էր»,–ասաց նա։
Նշենք, որ Աննա Հակոբյանը ՌԴ կատարած այցի ընթացքում այցելել է Ռոստովյան Կրեմլ։
Հիշեցնենք՝ Հակոբյանը Յարոսլավլում տեղի ունեցած միջոցառման ժամանակ իր ելույթում նշել էր, որ պատահական չէ, որ Յարոսլավլի պատմական կենտրոնն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Քաղաքը, ըստ նրա, իսկապես զարմացնում է իր գեղեցկությամբ, հարմարավետ փողոցներով և շինություններով։
Հայրենադարձությունը՝ առաջնային խնդիր. Զարեհ Սինանյանն աշխատում է ռուսաստանաբնակ հայերի հետ
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուսաստանցի բարեկամներին տարիների ընթացքում մարզի անքակտելի մասը դարձած հայ համայնքի նկատմամբ անկեղծ վերաբերմունքի համար։ Ուրախ էի տեղեկանալու, որ այսքան ակտիվ համայնք ունենք»,–ասել էր նա իր խոսքում։
Նշենք, որ Յարոսլավլում կա հայկական եկեղեցի և կիրակնօրյա դպրոց։ Այնտեղ նաև հայկական ֆուտբոլային երկու թիմ է գործում՝ «Արարատը» և «Արցախը»։