ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին երեկ ուշ երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ճանապարհելու տեսանյութը նա տեղադրել է Facebook–ի իր էջում։
«Օդանավակայանում ՌԴ նախագահի հետ մեր ունեցած մանրամասն զրույցը կարծում եմ նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերություններին»,–տեսանյութին կից գրել է Փաշինյանը:
Իսկ հետգրության մեջ ՀՀ վարչապետը հավելել է, որ ՌԴ նախագահի հետ երեկ կայացած երկու հանդիպումները՝ պաշտոնական և ոչ պաշտոնական, մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն էին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1–ին Երևանում կայացավ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցեցին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները, ինչպես նաև Սինգապուրի վարչապետը, Իրանի և Մոլդովայի նախագահները։ Եվրասիական տնտեսական միությունը և Սինգապուրն ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքեցին։
Ավելի ուշ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին` ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահության արդյունավետ տարվա և բարձրագույն խորհրդի նիստը բարձր մակարդակով անցկացնելու համար։