ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անչափ կարևորում է աշխատանքային քննարկումների ընթացքում անկեղծ շփման հնարավորությունը։ Նա այս մասին գրել է Facebook–ի իր էջում։
«Ամենակարևորը՝ աշխատանքային լարված քննարկումների արանքում մարդկային, պարզ, անկեղծ շփման այս հնարավորությունն է: Հարգանքներիս հավաստիքը, թանկագին հյուրեր»,– գրել է նա և հրապարակել մի լուսանկար, որի հեղինակը Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցն է։
Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 1-ին, Երևանում կայացավ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որը, ի թիվս բազմաթիվ այլ լրատվամիջոցների, հանգամանորեն լուսաբանեց նաև Sputnik Արմենիան։
Լուրջ, բայց ոչ պաշտոնական. ԵԱՏՄ գագաթնաժողովի ուշագրավ դրվագները` լուսանկարներով
Նիստին մասնակցեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Ընդլայնված կազմով նիստին մասնակցեցին նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով: