ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում, ինչի պատճառով արդեն գրեթե 2 ժամ է՝ մետրոյի գնացքները կանգառ չեն կատարում «Մարշալ Բաղրամյան» կայարանում։
«Խափանումը տեղի է ունեցել շարժասանդուղքները սնուցող մուտքային վահանակի մեջ, ինչի հետևանքով 3 շարժասանդուղքներում ներկա պահին լարում չկա»,- այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը։
Քանի դեռ խափանումը վերացված չէ, գնացքները կանգառ չեն կատարի «Մարշալ Բաղրամյան» կայարանում։ Նշենք, որ խափանումը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 11։15-ի սահմանում։
Խաչատրյանի խոսքով՝ մասնագետների խումբն այս պահին էլ աշխատում է տեխնիկական խափանումը վերացնելու ուղղությամբ։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։