ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիք կատարած այցից անմիջապես հետո անակնկալ կերպով այցելել է Գյումրի:
Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների՝ վարչապետի այցի մասին տեղյակ չեն եղել նաև մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Գյումրու Սև բերդ ամրոցում ներկա են գտնվել Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված համերգին։
Գյումրուց պաշտոնական տեղեկատվություն և լուսանկարներ դեռ չկան, սակայն համացանցում է հայտնվել վարչապետի սելֆին տիկնոջ հետ, որը նա արել է Գյումրի քաղաքի հյուրանոցներից մեկում:
Հյուրանոցից հաստատեցին, որ իրենց էջում տեղադրված՝ վարչապետի ու տիկնոջ լուսանկարն այսօրվա է, սակայն հավելյալ տեղեկություններ չտրամադրեցին:
Նշենք, որ Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբն ու երգչախումբը, «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը, երգիչ և կոմպոզիտոր Վահան Արծրունին, մենակատար Լուսինե Ազարյանը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, Կոմիտասի անվան ազգային քառյակը, Նորայր Քարտաշյանը և «Մենուա» նվագախումբը, ՀՀ վաստակավոր արտիստներ Ինգա և Անուշ Արշակյանները։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ, հետևել զորավարժությունների ընթացքին, այնուհետև կառավարությունում խորհրդակցություն անցկացրել, որի ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեին առնչվող հարցեր էին քննարկվել:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր հերթին այսօր ներկա է գտնվել «Իմ ուղին» մասնագիտական ուսուցման և զբաղվածության սոցիալ-աբիլիտացիոն ցերեկային կենտրոնի բացման արարողությանը։