ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. 85 տարեկանում վախճանվել է Լենկոմ թատրոնի ղեկավար, ականավոր ռուս ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը։ Լենկոմ թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը հայտնել է, որ հայտնի ռեժիսորը մահացել է հիվանդանոցում կրկնակի թոքաբորբի հետևանքով։ Հոգեհանգստի և հուղարկավորության օրերը հայտնի կլինեն ավելի ուշ։
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Զախարովը վերակենդանացման բաժանմունքում էր։ Բժիշկները ռեժիսորի մոտ երկկողմանի թոքաբորբ էին ախտորոշել։
Մարկ Զախարովը ծնվել է 1933թ-ի հոկտեմբերի 13-ին Մոսկվայում։ Ավարտել է Թատերական արվեստի ռուսական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ Հետո սկսել է խաղալ Պերմի դրամատիկական թատրոնում։ 1973թ-ին դարձել է Լենինի կոմսոմոլի անվան թատրոնի (այժմ՝ Լենկոմ) գլխավոր ռեժիսոր։
«Սա անտանելի է». Զավորոտնյուկի դուստրը մոր հիվանդությունից հետո առաջին անգամ խոսել է
Զախարովի առավել հայտնի աշխատանքներից են «Յունոնա և Ավոս», «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը», «Բալենու այգի», «Ամուսնություն» ներկայացումները։
Նա բազմաթիվ ֆիլմերի ռեժիսոր է, որոնց թվում են «12 աթոռ», «Սովորական հրաշք», «Այդ նույն Մյունհաուզենը», «Սիրո բանաձև» կինոնկարները։