ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Կյանքի 87–րդ տարում մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Նա ծնվել է 1932թ.–ի նոյեմբերի 29–ին։ Ընտանիքի միակ զավակն էր, քույրը մահացել էր վաղ տարիքում։
Երիտասարդ տարիքում Ժակ Շիրակը տարված է եղել կոմունիստական գաղափարներով, տարածել «Յումանիտե» թերթը: 1962 թվականին զբաղեցրել է իր առաջին քաղաքական պաշտոնը՝ Սան-Ֆերեոլի մունիցիպալ խորհրդական, այնուհետև դարձել է գյուղատնտեսության նախարար, իսկ նախագահ Ժիսկար դ'Էստենի օրոք՝ Ֆրանսիայի վարչապետ: 1988 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին և պարտվել Միտերանին: Իսկ 1995 թվականի ընտրություններում նրա մասնակցությունը հաջողությամբ է պսակվել:
Ժակ Շիրակը Ֆրասիայի նախագահ է ընտրվել 1995 թվականին և այդ պաշտոնում աշխատել է 12 տարի: Նրա գործունեությունն արժանացել է ֆրանսիական և արտասահմանյան բազմաթիվ պարգևների:
«Բոլոր հայերն իմ ընտանիքի անդամներն են». Ազնավուրը` հայերի ու իր հայկական ինքնության մասին
2006թ.–ի սեպտեմբերի 29–ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով պետական այցով Ժակ Շիրակը տիկնոջ հետ ժամանել է Հայաստան։
«Հայաստան գնալը հասարակ բան չէ», - պետական այցով Հայաստանի մեկնելու նախօրեին «Nouvelles d’Armenie» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը:
Ազնավուրը մեր քաղաքի արժանի զավակն է. Փարիզի քաղաքապետ
«Դա նշանակում է գնալ մի վայր, որը, անկասկած, աշխարհի ծագման ակունքներում է եղել: Դա նշանակում է հանդիպում հնդեվրոպական առաջին և մեծագույն քաղաքակրթություններից մեկի հետ, վերջապես` հանդիպում դարեր շարունակ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի հետ, որը, ինչպես ֆրանսիացիները լավ գիտեն, դյուրին ճակատագիր չի ունեցել»:
Մոտ 500 հազար ֆրանսահայերը, Շիրակի խոսքով, Ֆրանսիայի Հանրապետության արժանի զավակներն են: