ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցի ընթացքում Իտալիայում հանդիպել է հանրահայտ Rizzani de Eccher շինարարական ընկերության սեփականատեր Կլաուդիո դե Էկկերի հետ։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը շահագրգիռ քննարկում է ծավալվել համագործակցության հնարավորությունների, մասնավորապես, շինարարության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է Rizzani de Eccher ընկերության փորձը, որը հայտնի է շինարարության մեջ բարձրորակ չափանիշների, հետազոտական ու նորարարական ինժեներական լուծումների ներդրմամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Կալորիա դե Էկլերն իր հերթին ասել է, որ իրենք ևս հետաքրքրված են Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացմամբ։
Արմեն Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գյումրու վերականգնման հարցում համագործակցության հնարավորությունները: Խոսվել է նաև նախագահական նոր նախաձեռնություններից մեկի՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագրի շրջանակում համագործակցության մասին։ Այս ծրագրով նախատեսվում է ստեղծել գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային առաջատար ընկերություններ, գիտահետազոտական կենտրոններ ու համալսարաններ, և Rizzani de Eccher-ը ևս հետաքրքիր գործընկեր կարող է լինել ծրագրի համար:
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում Հայաստան կայցելի ընկերության աշխատանքային խումբը՝ շարունակելու քննարկումները և գնահատելու, թե ինչ ծրագրեր է հնարավոր իրականացնել։
Rizzani de Eccher ընկերությունը հիմնադրվել է 1831 թվականին, գործունեություն է ծավալում չորս հիմնական ուղղություններով՝ շինարարություն, ենթակառուցվածքների զարգացում, սարքավորումների արտադրություն և մասնագիտական ինժեներական լուծումներ: Ոլորտի առաջատարներից է աշխարհում և ներկայություն ունի տարբեր երկրներում, այդ թվում ՝ ԱՊՀ երկրներում, Արևելյան Ասիայում, Մերձավոր Արևելքում, միջերկրածովյան ավազանում, Աֆրիկայում, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկաներում:
Սարգսյանն Իտալիա է մեկնել սեպտեմբերի 23-ին։