ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Գյումրիում այսօր անցկացված «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության մասնակիցներից շատերին ստիպեց հիշել, թե ինչի մասին են գրել տարիներ առաջ, երբ դպրոցում «Մեր ժամանակի հերոսը» թեմայով շարադրություն են հանձնարարել։ Նրանց թվում էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նա իր ելույթում հիշեց, որ տասնյակ տարիներ առաջ, երբ դպրոցում ռուսաց լեզվի և գրականության դասաժամին Միխայիլ Լերմոնտով անցնելուց հետո ուսուցիչը հանձնարարել է «Մեր ժամանակի հերոսը» վերնագրով շարադրություն գրել, ինքը գրել է, բայց գերադասել էր ուսուցչին ցույց չտալ։
«Ես շարադրություն գրեցի, բայց չհանձնեցի, որովհետև, ճիշտն ասած, շատ անկեղծ էի գրել,– ասաց նախագահը` տարիներ անց խոստովանելով, թե ով է իրականում եղել իր շարադրության հերոսը։– Ես գրել էի, որ իմ ժամանակի հերոսը իմ հայրն ու մայրն են, նրանց հազարավոր ընկերներն ու տասնյակ հազարավոր հայերը, որոնք 1946, 47, 48 թվականներին պատերազմից հետո վերադարձան ավերված Հայաստան, որը պատերազմի ընթացքում կորցրել էր 2-3 հազար իր որդիներին, և երկիրը կատաստրոֆիկ վիճակում էր։ Վերադարձան Հայաստան` առանց վախենալու։ Այնպես որ այդ սերունդը, իմ հայրիկի, մայրիկի սերունդը իմ համար այն ժամանակի հերոսներն էին»։
Մանկության ու հատկապես 8-րդ դասարանում հանձնարարված իր շարադրության մասին փոքր–ինչ թախիծով հիշեց նաև «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը, որը մրցանակ հանձնեց «Մեր ժամանակի հերոսներից» մեկին` Արտակ Բոջիկյանին։ Համբարձումյանը խոստովանեց, որ իր շարադրության գլխավոր հերոսը հայ չէր։ Հայ հերոսի մասին գրել իրեն չէր հաջողվել։
«Անցել է 20 տարի, և, եթե այսօր ինձ հարցնեն, թե ով է մեր ժամանակի հերոսը, ես կարող եմ անվերջ թվել նրանց, ովքեր իմ կողքին են, անկախ Հայաստանի քաղաքացիներն են։ Իմ ժամանակի հերոսը գյուղացին է, ստարտ ափ ստեղծող իմ ճանաչած 16-ամյա երիտասարդն է, հայրենադարձն է, ով հավատացել է, որ այստեղ հնարավոր է, իմ ժամանակի հերոսը մեծ ընտանիքի մայր, բիզնես ստեղծող կինն է»,– ասաց երիտասարդ գործարար կինը։
Նախագահի կին լինելը հաճելի է, բայց պատասխանատու. խոստովանում է Նունե Սարգսյանը
«Մեր ժամանակի հերոսները» մրցանակաբաշխության ժամանակ Արման Միքայելյանին մրցանակ հանձնող Menu.am ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանն էլ հիշեց, որ 90-ականներին, 8-րդ դասարանում առաջին անգամ մասնակցել է մաթեմատիկայի օլիմպիադայի։ «Արդյունքները հրապարակելուց հետո սկսեցի իմ անունը վերևի տողերից դեպի ներքև փնտրել։ Վերջում ինքնագնահատականս նվազեցնելով ինձ գտա 72-րդ տեղում` 80 հոգուց։ Ու Զեյթունից` ֆիզմաթ դպրոցից, երերալով, նվաստացած գնացի մինչև 5-րդ զանգված` մեր տուն»,– անկեղծացավ գործարարը` պատմելով նաև, որ այդ դեպքից հետո ամեն օր մինչև գիշերվա ժամը 2-ը ճրագի լույսի տակ մաթեմատիկա է պարապել։
«Հենց հաջորդ տարի գրավեցի 2-րդ տեղը, մյուս տարի` 1-ին տեղը,– պատմեց Քերոբյանը, – Մեր ժամանակի հերոսն այն մարդն է, որ չի համակերպվում այսօրվա վիճակի հետ, որ իրեն համեմատում է ոչ թե իր գյուղի հետ, այլ աշխարհի»։
Քերոբյանի պատմությունը ստիպեց անկեղծանալ նաև նրա համադասարանցուն` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։
Նա պատմեց նույն մաթեմատիկայի օլիմպիադայի մասին, բայց արդեն իր աչքերով։
«Այդ նույն մաթեմատիկայի օլիմպիադային մասնակցել էի նաև ես, ու իմ անունն առաջին տասնյակում էր։ Եվ ես շատ ուրախ Զեյթունից իջա Կիևյան փողոց, որտեղ ապրում էի։ Այսքան տարի ապրում էի ու չգիտեի, որ իմ ուրախ պատմությանը զուգահեռ շատ ավելի հուզիչ պատմություն կա»,– ասաց Մարությանը։
Հայաստանի Անկախության տոնի առթիվ այսօր առաջին անգամ Հայաստանում անցկացվել է «Մեր ժամանակի հերոսը» խորագրով ՀՀ վարչապետի մրցանակաբաշխությունը։
Անկախության օրվան նվիրված հիմնական միջոցառումներն այս տարի կազմակերպվել են Գյումրիում։
Հայկ Մարությանի պապի հետաքրքիր պատմությունը. Աստվածաշունչն է փրկել նրան