ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի` զրոյից կառուցված շենքը շահագործման կհանձնվի մինչև 2020թ.–ի դեկտեմբերը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը։
Թբիլիսի հայկական թատրոնի հին շենքը քանդվել է 2018թ.–ին։ Ի սկզբանե ծրագրել են վերանորոգել շենքը, բայց այն այնքան վատ վիճակում է եղել, որ նախագծի հեղինակները որոշել են քանդել այն և նույն տեղում կառուցել նոր շենք։ Միաժամանակ, պահպանվել է հին շենքի արտաքին տեսքը և կոլորիտը։
«Նոր թատրոնը մոտավորապես կարժենա 18 միլիոն դոլար։ Ֆինանսավորումն ամբողջությամբ իր վրա է վերցրել Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք` դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին` միջոցներ հատկացնելով իր «Կարտու» հիմնադրամից», – ասաց Բայանդուրյանը։
Նոր դահլիճ և թիկնաթոռներ, նոր խաղացանկ. էլ ինչ անակնակալ ունի Գյումրու Աճեմյանի թատրոնը
Նրա խոսքով` հիմքն արդեն դրվել է և կառուցվել է հիմնակմախքը։ Մեկ ամիս անց պատրաստ կլինի նաև տանիքը։ Շինարարական աշխատանքներում ընդգրկված են 40 աշխատողներ, ժամանակակից տեխնիկա և լավագույն շինանյութեր։ Թատրոնը կլինի տարածաշրջանում լավագույններից մեկը։
Ճակատը նույնը կմնա և շատ քիչ կտարբերվի Թբիլիսի հայկական թատրոնի հին շենքից։ Թատրոնը ներսից նորովի կշողա. ամբողջովին կնորացվեն լուսավորությունը, ակուստիկան, կավելանան 12 նոր օթյակներ։ Կբացվի փոքր դահլիճ` 140 նոր տեղերով և մեծ դահլիճ` 450 տեղերով։
«Մենք վերջնականապես շենք կմտնենք 2020թ–ի նոյեմբեր–դեկտեմբերին։ Սակայն դա չի նշանակում, որ այդ ընթացքում անգործ նստած ենք», – ասաց Բայանդուրյանը։
Թատերախումբը վերադարձել է Ֆինլանդիայում տեղի ունեցած փառատոնի հյուրախաղերից, հիմա էլ պատրաստվում է Ախալցխայի փառատոնին։ Թատերախումբն օգոստոսի 25–ին կժամանել Հայաստան` Հովհաննես Թումանյանին նվիրված թատերական փառատոնին մասնակցելու։ Աշնանը խումբը երկու պրեմիերա կներկայացնի հանդիսատեսին։
Հիշեցնենք` Թբիլիսիում հայկական թատրոնի շենքը կառուցվել է 1936թ.–ին։ Այդ տարիներին թատրոնի բեմում ներկայացվել են Շեքսպիրի, Շիլլերի, Մոլիերի և այլ աշխարհահռչակ հեղինակների ստեղծագործություններ։