ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Այսօր աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը պարգևատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով` գիտության ոլորտում նշանակալի ներդրման համար: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մեծ պատիվ է լինել նրա կողքին, անձամբ հանձնել այս բարձր պարգևը»,– նշել է նա և Հովհաննիսյանի հետ լուսանկար հրապարակել:
Հիշեցնենք, որ 2016թ.-ին Մենդելեևի աղյուսակի 115-րդ ու 118-րդ տարրերը ստացան «մոսկովիում»(Mc) ու «օգանեսոն» (Og) անունները՝ ի պատիվ Մերձմոսկովյան շրջանի Դուբնա քաղաքում գտնվող Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և ինստիտուտի պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի:
Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թվականին Դոնի Ռոստովում: 1976-1989 թթ. եղել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջուկային ռեակցիաների լաբորատորիայի փոխտնօրեն, 1989-1997 թթ.՝ տնօրեն, 1997 թվականից՝ գիտական ղեկավար, միաժամանակ, 1971 թվականից՝ նույն լաբորատորիայի ծանր միջուկների հետազոտման բաժնի պետ։ 1969-1970 թթ.՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի (Գերմանիա), Մեսինայի (Իտալիա) համալսարանների պատվավոր դոկտոր։
Բաղդասարյանից մինչև Բուզովա. ինչպես են հայ խելացիները պարտվում ուղեղների մարտում
Նա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, թղթակից անդամ է, ակադեմիկոս, Սերբիայի Գիտության և գեղարվեստի ակադեմիայի արտասահմանյան անդամ և ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: