ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի– Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական, դատամատնադրոշմային, դատաձգաբանական փորձաքննություններ»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ։ Հարությունյանի դիակի կողքին հայտնաբերվել են «ПМС» տեսակի ատրճանակ և պարկուճ, հարցաքննվել են վկաներ:
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` ինքնասպանության հասցնելը։
Հայկ Հարությունյանն առանձնատանը մենակ չի եղել. նոր մանրամասներ` նախկին ոստիկանապետի դեպքից
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 23–ին, ժամը 23։50–ին ոստիկանությունը տեղեկություն էր ստացել, որ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ Հայկ Հարությունյանի դին։
Դին հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի Բջնիի առանձնատանը։ Վնասվածքը եղել է գլխի շրջանում։