ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հետևողական է լինելու, որպեսզի փոխգնդապետ Արա Մխիթարյանի դեպքի առնչությամբ ամեն ինչ պարզվի։ Այս մասին նախարարն ասաց լրագրողների հետ զրույցում։
«Քանի որ հիմա նախաքննություն է ընթանում, ուստի այս ընթացքում իմ կողմից գնահատական տալը սխալ կլինի։ Մեր գործընկերոջ, մեր զինակցի հետ կատարվածը` ոչ մարտական պայմաններում, պետք է բացահայտվի»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` հետևելու են, որ դատաքննության ընթացքում ամեն ինչ արդար լինի։ Տոնոյանը նշեց, որ Մխիթարյանը դեռ կոմայի մեջ է։
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին ։ Դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ մարզպետի օգնականը կալանավորվել է։
Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը. մարզպետի հարցը դեռ պարզ չէ
ԶԼՄ–ներում լուրեր են շրջանառվում, որ Վայոց Ձորի մարզպետը նույնպես ներգրաված է Մխիթարյանին ծեծելու գործում։ Երեկ հայտնի դարձավ, որ Տրդատ Սարգսյանը վայր է դնում Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները։ Նա, ի դեպ, պնդում է, որ որևէ առնչություն չի ունեցել դեպքին, ինչի մասին կան փաստեր։