ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ Հայկ Հարությունյանի դին։
Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվութայն բաժնից։ «Ոստիկանությունը ահազանգը ստացել է սեպտեմբերի 23–ին, 23։50–ի շրջակայքում»,–ասացին լրատվական ծառայությունից։
Դին հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի Բջնիի առանձնատանը։ Վնասվածքը եղել է գլխի շրջանում։
Նախնական տեղեկություններով` Հայկ Հարությունյանը ինքնասպանություն է գործել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
ՀՀ Քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու համար։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելը):
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր: Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ:
Նշենք, որ Հայկ Հարությունյանը 1999–ից 2003 թվականները զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի, իսկ 2003–2008թթ` Ոստիկանության պետի պաշտոնը։ 2010–2014 թվականները նա եղել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը։ «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանակիր է։
Հիշեցնենք, որ 2019թ.-ի մայիսին տեղեկություն տարածվեց, որ Հայկ Հարությունյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1 գործի շրջանակում։