ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. ԱՄՆ–ում մահացել է դերասան և պրոդյուսեր Սիդ Հեյգը (իսկական անունը` Սիդնեյ Էդդի Մոսեսյան)։ Instagram–ի իր էջում այս մասին հայտնել է նրա կինը` Սյուզենը։ Հեյգը 80 տարեկան էր։
«Նա իմ հրեշտակն էր, իմ ամուսինը, իմ լավագույն ընկերը և միշտ կմնա այդպիսին», – գրել է կինը։
Посмотреть эту публикацию в Instagram
Դերասանը ծնվել էր Ֆրեզնոյում, մանկությունն անցկացրել հայ համայնքում։ Հայրը` Հեյգ Մոսեսյանը, էլեկտրիկ էր։ Դերասանի կարիերան նա սկսել էր պատահաբար: Պատանեկության տարիներին Սիդ Հեյգը կոորդինացիայի հետ կապված խնդիրներ է ունեցել, ինչը ստիպել է նրան հաճախել պարի դասընթացների: Յոթ տարեկանում նա արդեն գումար է վաստակել` որպես պարող մասնակցելով Ծննդյան տոների մանկական շոուին, իսկ հետո մասնակցել է վոդևիլ-շոուներին: Նա ցուցադրել է իր երաժշտական տաղանդը` հատկապես հարվածային գործիքներ նվագելով:
Սովորելով Ամերիկայի մի քանի թատերական դպրոցներում` տեղափոխվել է Հոլիվուդ։ Այնտեղ նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում և սերիալում։ Ամենահայտնիները Քվենտին Տարանտինոյի «Ջեքի Բրաունը» և «Սպանել Բիլին 2», «1000 դիակի տուն», Ջորջ Լուկասի «THX 1138», «Երեքը դժոխքից», «Ոսկրե տոմահավկ», «Վտարված սատանայի կողմից» ֆիլմերն են։ Նա խաղացել է նաև «Աստղային ճանապարհ» սերիալում։