ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է, որ Սահմանադրական դատարանի որոշումը մեր գործին չի վերաբերում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
«Մենք կտրականապես համաձայն չենք որոշման հետ և դիմել ենք Վերաքննիչ դատարան։ Չի կարող Ռոբերտ Քոչարյանի անհատական դիմումով Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը մեր գործի հետ կապ չունենալ», – հայտնեց Օրբելյանը։
Փաստաբանը նաև մանրամասնեց, թե ինչու է երկրորդ նախագահի պաշտպանական կողմը պատրաստվում ինքնաբացարկ հայտնել Մարտի 1-ի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին։
«Հիմքերից մեկն այն է, որ դատավորն իր կաբինետում է որոշում կայացրել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, դատական նիստ չի հրավիրել։ Այնինչ, առանց անձին լսելու նրա մասին որոշում կայացնելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է», – ասաց պաշտպանը։
Քոչարյանը կմնա կալանքի տակ. «Դանիբեկյա՛ն, խելքով»-ը չօգնեց
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրության չորս հոդվածներին հակասող էր համարել քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որտեղ թվարկված են հանգամանքներ, որոնց դեպքում բացառվում է քրեական հետապնդումը։ Հանգամանքների մեջ նշված չէ պաշտոնատար անձի անձեռնմխելիության փաստը։ Այնինչ, ըստ Սահմանադրության` պետք է օրենքով սահմանի Հայաստանի Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը։