Անդրադառնալով ԱՄՆ–ում հեռարձակվող «ARTN» հեռուստաընկերության նախագահ և սեփականատեր Ռոբերտ Օղլախչյանի կողմից Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի արդեն նոր ղեկավարության հասցեին հնչած մեղադրանքներին՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ շուտով իրենք պաշտոնական պարզաբանմամբ հանդես կգան, ապա հավելեց, որ հեռարձակողին վերագրվող շահույթի գումարները չափազանցված են:
ԱՄՆ-ում Հանրային հեռուստաընկերության վերահեռարձակման վերաբերյալ վերստին պայմանագիրը կնքվել է «ՊանԱրմ inc.»-ի հետ, բայց նոր պայմաններով, մասնավորապես` ավելացվել է վերահեռարձակողի կողմից հեռուստաընկերությանը ամեն ամիս վճարվող գումարի չափը, նախկին 2500 դոլարի փոխարեն, այժմ այդ գումարը կկազմի ամիսը 4000 դոլար:
«Ինչի մասին է խոսում Օղլախչյանը, ես չգիտեմ: Նա երեք ամիս ժամանակ ուներ մեզ դիմելու, թող դիմեր: Գիտեք, բիզնես կանոններին հակառակ բաներ են անում: Աուկցիոնից հետո ո՞վ է գալիս ասում՝ վայ, ես ավելի շատ կտայի»,-նշեց Արա Շիրինյանը՝ հորդորելով ձեռնպահ մնալ միակողմանի ու հապշտապ հայտարարություններ անելուց:
Շիրինյանը նշում է, որ ԱՄՆ գործող երեք հեռուստաընկերություն կա, որոնք կարող են նույն ծառայությունը մատուցել, և խոսքն այդ երեքից մեկնումեկին ընտրելու մասին էր: «Եվ բնական է, երբ դու մեկին ընտրում ես, մյուս երկուսը դժգոհ են մնում, ուրիշ խնդիր չկա այս ամբողջ պատմության մեջ»,–ընդգծում է Շիրինյանը:
Նշենք, որ «ARTN» հեռուստաընկերության նախագահ և սեփականատեր Ռոբերտ Օղլախչյանն Արա Շիրինյանին հորդորում էր կամ վերահեռարձակման նոր պայմանագիրը չեղյալ դարձնել, կամ հրաժարական տալ: