ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի Պոլտավայի մարզում ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավար 60-ամյա Սամվել Մարտիրոսյանը, որն առավել հայտնի է Սամվել Դոնեցկիյ անվանմամբ։ Այս մասին հայտնում է tsn.ua-ն։
Ուկրաինայի Ազգային ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մարտիրոսյանին փնտրում էր Ինտերպոլը` Հայաստանում կատարած սպանության համար: 1990-ականներին նա գլխավորել է Դոնեցկի հանցավոր խմբավորումներից մեկը, այնուհետև նրա ազդեցությունը տարածվել է նաև Զապորոժիեի և Պոլտավայի մարզերում:
Նշվում է, որ բացի Մարտիրոսյանից ձերբակալվել են նաև հանցավոր խմբավորման անդամներ։ Նրանք մեղադրվում են շորթման, առևանգման, զենքի վաճառքի, ֆիզիկական բռնության, սպանությունների և մի շարք այլ հանցագործությունների կատարման մեջ:
«Մարտիրոսյանին և խմբավորման անդամներին ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի վեց հոդվածներով»,- հայտարարել է Ուկրաինայի Ազգային ոստիկանության նախագահի առաջին տեղակալ Եվգենի Կովալը:
Ոստիկանության կողմից հրապարակված լուսանկարներից ու տեսանյութերից պարզ է դառնում, որ հանցագործների մի մասը ձերբակալվել է Վերաքննիչ դատարանի մոտակայքում ՝ Պոլտավայի կենտրոնում գտնվող Սոբորնոստիի և Սահմանադրության փողոցների խաչմերուկում:
Ոստիկանները քրեական հեղինակության են բերման ենթարկել. տեսանյութ
Հետաքննությունն իրականացնելու է Ուկրաինայի արդարադատությունը։
Նշվում է, որ ձերբակալության մասին տեղյակ է պահվել Հայաստանի իրավապահ մարմիններին։