ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն կհիմնվի։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։
Նախարարի համոզմամբ, Եթովպիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության առկայությունը հնարավորություն կտա զարգացնել միաժամանակյա համագործակցությունը Աֆրիկյան Միության հետ, քանի որ այս երկրում է տեղակայված Աֆրիկյան Միության կենտրոնակայանը, որին անդամակցում են Աֆրիկա մայրցամաքի բոլոր պետությունները։
Որ չվարակվես. ի՞նչ պետք է պատվաստվել Աֆրիկա, Ասիա կամ Եվրոպա մեկնելիս
«Եթովպիան ներկայում արագ տեմպերով աճող պետություն է, որը գրանցում է վարկանիշային աճ միջազգային հարաբերություններում,– ասաց Մնացականյանը,–Ադիս Աբեբայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը զգալիորեն կկարգավորի և կակտիվացնի ՀՀ շփումներն անդրսահարյան աֆրիկյան պետությունների հետ թե՛ հնարավոր տնտեսական հեռանկարների, թե՛ տարբեր միջազգային հարթակներում մայրցամաքի 50-ից ավելի պետությունների և դրանց աջակցությունը ստանալու տեսանկյունից»։
Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայ ընտանիքի սիրո պատմությունը. տեսանյութ
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1993թ. դեկտեմբերին, սակայն դիվանագիտական ներկայացուչություն այս երկրում Հայաստանն առ այսօր չի ունեցել։