ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի— Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մտադիր է առաջիկայում զբաղվել միայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայով։ Այս մասին նա ասաց այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ինչ վերաբերում է իմ` քաղաքականություն մտնել–չմտնելուն, ապա կուզեմ ասել, որ հիմա պատրաստվում եմ զբաղվել միայն Ֆուտբոլի ֆեդերացիայով։ Մյուս կողմից, այս կյանքում ոչինչ բացառված չէ։ Ես կայացած մարդ ու գործիչ եմ ու ինքս կորոշեմ` ինչ անել»,–ասաց նա։
Վանեցյանը նշեց նաև, որ երեկվա իր հրաժարականից հետո նկատելի է նախկին իշխանության ներկայացուցիչների խանդավառությունը։ Սակայն ուզում է նրանց ասել, որ թող մնան իրենց քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իր և գործող իշխանությունների հարաբերությունների մեջ։ «Այդ հարաբերությունները ես գիտեմ` ոնց են և ոնց կշարունակվեն։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի հետ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել, լավ ենք աշխատել»,–ասաց նա։
Մեկ այլ հարցի, թե տեղյա՞կ է` ում են նշանակելու ԱԱԾ տնօրեն, Վանեցյանը պատասխանեց, որ ոչ, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է օգնել նորանշանակին։
Վանեցյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ երբեք չի արել մի բան, որի համար ամաչում է։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը։
«Թող որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ». Վանեցյան
Ի դեպ, Վանեցյանն իր հրաժարականի տեքստում գրել էր, որ պետականաշինության տրամաբանության շրջանակներում որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։