ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Արմավիրի Բաղրամյան համայնքում տեղի ունեցած առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը։
«Պարզվել է, որ Բաղրամյանի ղեկավարը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2016թ.-ից, իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է գումարների յուրացում և վատնում։ Նա նաև կեղծել է պաշտոնեական փաստաթղթեր»,–գրված է հաղորդագրության մեջ:
Բաղրամյանի ղեկավարը, 2017 և 2018թթ. ավագանու նիստի քննարկմանը ներկայացնելով 2017թ. և 2018թ. բյուջեներով նախատեսված գումարներ հատկացնելու և պայմանագրեր կնքելու հարցը՝ համայնքի համար տնկիներ ձեռք բերելու, համայնքի ճանապարհների վերանորոգման, ինչպես նաև՝ ոռոգման ջրագծերի վերանորոգման համար, պայմանագրեր է կնքել համապատասխան անհատ ձեռներեցների հետ:
Ստեփանավանի դպրոցներից մեկի տնօրենը տարիներ շարունակ կաշառք է վերցրել. տեսանյութ
Նշված պայմանագրերի հիման վրա համայնքապետարանի հաշվեհամարից անհատ ձեռներեցների հաշվեհամարներին փոխանցված գումարներից վերջիններս, համայնքի ղեկավարի խնդրանքով, որոշակի մասը պահել են որպես հարկային վճարումների գումար, իսկ մնացած մասը՝ կանխիկացրել և տվել համայնքի ղեկավարին: Վերջինս նշված համայնքի ճանապարհների բարեկարգման, ինչպես նաև՝ տնկիներ ձեռք բերելու համար ծախսել է նշված գումարների մի մասը, իսկ մնացած խոշոր և զգալի չափերի գումարները՝ յուրացման եղանակով հափշտակել:
Բացի այդ, համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով գույք հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել Բաղրամյան համայնքի երաժշտական դպրոցի տնօրենի և նույն համայնքի հաշվապահի հետ: Արդյունքում, երաժշտական դպրոցի տնօրենի կողմից 2017թ. դեկտեմբերից 2018թ օգոստոսը, ինչպես նաև՝ նույն դպրոցի հաշվապահի կողմից՝ 2018թ. հունվարից 2018թ. օգոստոսը աշխատանքի չհաճախելու պայմաններում, համայնքի հաշվապահի կողմից կազմվել է կեղծ տվյալներ պարունակող աշխատավարձի ցուցակ, որի արդյունքում որպես աշխատավարձ փոխանցված ընդհանուր՝ խոշոր և զգալի չափի գումարները հափշտակվել են:
Բաղրամյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (յուրացնելը կամ վատնելը) և 314-րդ հոդվածներով (պաշտոնեական կեղծիքը)։
Դավիթ Սանասարյանի դեմ Արսեն Թորոսյանն է ցուցմունք տվել. «Ժողովուրդ»
Անհատ ձեռներեցներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ, իսկ համայնքի հաշվապահին՝ 179-րդ հոդվածներով 314–րդ հոդվածներով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Երկու անհատ ձեռներեցների և երաժշտական դպրոցի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ զղջալու հիմքով:
Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի դեմ
Վերը նշված առերևույթ հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: