ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Հյուսիս–հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Լևոն Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը) և 311 պրիմ 2–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,–ասաց նա։
Նրա խոսքով` Լևոն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել դատարան` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Քննչական կոմիտեն հայտնում է նաև, որ պարզվել է` թեև ըստ իրավական ընթացակարգերի` ենթակապալառու կազմակերպությունների ընտրությունը գլխավոր կապալառու իսպանական կազմակերպության կողմից պետք է կատարվեր ծրագրի ինժեների և պատվիրատուի՝ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց համաձայնությամբ, սակայն փաստացի այդ գործընթացները ղեկավարվել են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի կողմից։ Նա այդ գործընթացները կազմակերպել և իրականացրել է ծրագրում ենթակապալառու հանդիսացող «Պոլիտրանսպորտ» ՍՊ ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ:
Պարզվել է նաև, որ Լևոն Սարգսյանը, Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ իր ունեցած դիրքի և կապերի շնորհիվ, ազդեցություն է ունեցել 250մլն ԱՄՆ դոլար արժողության ծրագրում շինարարական աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ցանկություն ունեցող ենթակապալառու ընկերությունների ընտրության և ներգրավման հարցերում։
Նա, գործելով վերոհիշյալ անձանց հետ ձեռք բերված համաձայնությամբ, օգտագործել է իր ազդեցությունը և իրավաբանական անձի օգտին պաշտոնատար անձանց կողմից նպաստել է ինչ–ինչ գործողություններ կատարելուն։ Այս ամենը կատարելու համար միջնորդի միջոցով կազմակերպություններից մեկի տնօրենից պահանջել է վճարել աշխատանքների կատարումից ակնկալվող շահույթի 50 տոկոսը, որի ստացումը կազմակերպել է փողերի լվացման միջոցով:
Սուրեն և Գևորգ Վարդանյանները որպես մեղադրյալներ են ներգրավվել: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում:
ԱԱԾ–ն գիտի` որտեղ է թաքնվում Սերժ Սարգսյանի եղբայրը
Հիշեցնենք, որ ՔԿ–ն առերևույթ չարաշահումներ էր հայտնաբերել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 23.553.817.000 ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանի դեմ հարուցված ևս մեկ քրգործ կա։ Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում էր կայացվել Լևոն Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիքը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին:
Ո՞ւմ թույլտվությամբ է Սերժ Սարգսյանի եղբայրը մեկնել Հայաստանից. պարզաբանում է Վանեցյանը