ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հենրիխ Մխիթարյանի երկու գոլերն ու գոլային փոխանցումն այս խաղում դարձան մեր ընտրանու հաղթաթուղթը: Հայաստան–Բոսնիա և Հերցոգովինա խաղում այսօր գրանցված 4։2 հաշվից հետո մեր հավաքականը վաստակեց ինը միավոր և մրցաշարային աղյուսակում շրջանցեց Բոսնիայի և Հերցոգովինայի ընտրանուն:
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթացող Եվրո-2020-ի ընտրական J խմբի հերթական խաղը մեր հավաքականի համար շատ լավ մեկնարկ ունեցավ: Երրորդ րոպեին, Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո, Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց մեր թիմին` խփելով 26-րդ գնդակը հավաքականի կազմում: Բայց խփած գնդակն ավելի ոգևորեց հյուրերին, որոնք առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում տիրում էին նախաձեռնությանը: Պատասխան գնդակը բոսնիացիները խփեցին խաղի 12-րդ րոպեին: Էդին Ջեկոն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Իսկ մինչև ընդմիջում հյուրերը մեկ անգամ չէ, որ կարող էին առաջ անցնել հաշվի մեջ: Նույն Ջեկոն, Մուհամեդ Բեշիչը, Միռալեմ Պյանիչը վտանգավոր հարվածներով աչքի ընկան, բայց առաջին կեսում հաշվի մնաց անփոփոխ՝ 1:1:
![Փայլուն հաղթանակ. Հայաստանի հավաքականը կշարունակի պայքարը Եվրո 2020–ի եզրափակիչ փուլի համար Փայլուն հաղթանակ. Հայաստանի հավաքականը կշարունակի պայքարը Եվրո 2020–ի եզրափակիչ փուլի համար - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2032/83/20328383_0:0:1604:1140_600x0_80_0_0_d0a81b7fa996abfd92b843b7d2a0e61d.jpg)
Երկրորդ խաղակեսի սկզբում մեր հավաքականն անընդհատ սպառնում էր մրցակցի դարպասին` օգտագործելով հեռահար հարվածները: Նախաձեռնությունն անցել էր մեր թիմին: Վտանգավոր պահերը շատ էին, բայց դիպուկ հարվածներն էին պակասում: Եվ այդ հարվածը եղավ, դե իհարկե, Հենրիխ Մխիթարյանի կատարմամբ: Հանդիպման 66-րդ րոպեին, Հովհաննես Համբարձումյանից ստանալով գնդակը, մեր ընտրանու ավագը ներխուժեց տուգանային հրապարակ ու մխրճեց գնդակը բոսնիացիների դարպասի վերին անկյունը:
Սակայն, ինչպես և առաջին խաղակեսում, մեր ուրախությունը երկար չտվեց: Երեք րոպե անց Ամեր Գոյակը նորից վերականգնեց հաշվի հավասարությունը: Բայց մերոնք նորից կամային հատկանիշներ դրսևորեցին, ու 77-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը, արդեն ստանալով գնդակը Հենրիխ Մխիթարյանից, մեկ հպումով երրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը: Խաղավերջում բոսնիացիները ամեն ինչ արեցին պարտությունից խուսափելու համար: Իսկ հանդիպման յուղոտ վերջնակետը դրեց մեր ընտրանու ավագը: Մխիթարյանի հարվածից հետո Ստիպե Լոնչարը շեղեց գնդակը սեփական դարպասը` այսպիսով 4:2 հաշվով ապահովելով մեր թիմի հաղթանակը: Գեղեցիկ ու ցանկալի հաղթանակ:
![Փայլուն հաղթանակ. Հայաստանի հավաքականը կշարունակի պայքարը Եվրո 2020–ի եզրափակիչ փուլի համար Փայլուն հաղթանակ. Հայաստանի հավաքականը կշարունակի պայքարը Եվրո 2020–ի եզրափակիչ փուլի համար - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2032/74/20327496_0:0:1280:854_600x0_80_0_0_54659c3220f40251aeb848f5bb8e858c.jpg)
Նշենք, որ Եվրո-2020-ին ընտրական J խմբի հերթական խաղում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանուն:
![Փայլուն հաղթանակ. Հայաստանի հավաքականը կշարունակի պայքարը Եվրո 2020–ի եզրափակիչ փուլի համար Փայլուն հաղթանակ. Հայաստանի հավաքականը կշարունակի պայքարը Եվրո 2020–ի եզրափակիչ փուլի համար - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2033/52/20335272_0:0:1600:1068_600x0_80_0_0_925bd1291b43b55aa4d5ee8892a36112.jpg)