ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան Արագածոտնի մարզի Ուջան գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների կայքը։
«Սեպտեմբերի 8-ին, ժամը 08:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ Նարեկ Ս. ծնված 1992թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Փրկարարները վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: