ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Տիգրան Մանսուրյանը մեր ժամանակակից արվեստի և երաժշտության ամենախոշոր դեմքերից է: Այս մասին այսօր կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետ դուստրերի հետ է ներկա գտնվել Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությանը նվիրված համերգին:
«Հունվարի 27-ին, երբ առիթ ունեցա այցելելու մաեստրոյին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առթիվ և որոշ ժամանակ անցկացնելու նրա ընտանեկան միջավայրում, ինձ համար բացահայտեցի նոր Տիգրան Մանսուրյանի։ Համոզված եմ՝ բազմաթիվ երաժիշտներ, արվեստագետներ, ուղղակի մարդիկ, տեսնելով և նայելով Տիգրան Մանսուրյանին, ասում են՝ ահա բախտավոր մարդ, ահա հաջողված մարդ, ահա հաջողված կյանքի մի պատմություն, ահա այսպիսի երջանիկ աստղի ներքո ծնված մի անհատականություն:
ԱՄՆ–ում Մանսուրյանի անվան մրցանակ կտան` հայկական թեմատիկայով ստեղծագործության համար
Իրականում, սակայն, սա ոչ թե բախտի նվերն է մարդուն, այլ մարդու հաղթանակն է ճակատագրի նկատմամբ»,–ասել է Փաշինյանը։
Նա հիշել է, որ մաեստրոն ծնվել է Լիբանանում որպես գաղթական և լավ կյանքի հույսով հայտնվել Խորհրդային Հայաստանում, հայտնվել մի ծայրահեղ ծանր սոցիալական իրավիճակում, ծայրահեղ ծանր պայմաններում և ահա այդ կետից կարողացել է բարձրանալ դեպի ստեղծագործական փառքի երկնակամար:
Ու այդ պատմությունն համար կարևոր է ուրիշներին ցույց տալու համար, որ կա սեփական հուսահատությունը, սեփական անօգնականությունը, սեփական փակուղու զգացողությունը հաղթահարելու ճանապարհ, և մարդը բավարար չափով ուժեղ է ինքն իր ճակատագրին, ուրիշների կողմից իրեն պարտադրված ճակատագիրը հաղթահարելու համար:
«Հենց այս պատճառով է Տիգրան Մանսուրյանի կերպարն ինձ համար կարևոր, որովհետև ես գիտեմ, որ նրա կերպարն ուրիշներին պետք է օգնի և քաջալերի հաղթահարել սեփական հուսահատությունը և վստահություն ստանալ սեփական ուժերի նկատմամբ: Ինքս միշտ մտածել եմ, որ գոնե կինոերաժշտության բնագավառում մաեստրոյի գլուխգործոցը «Կտոր մը երկինք»-ն է, և ես հասկացա, որ իմ ոչ մասնագիտական կարծիքը գուցե կիսում են նաև մասնագետները, ես դա կռահեցի նաև համերգի երաժշտությունների հաջորդականությունից»,–ասել է Փաշինյանը:
Վարչապետի բնորոշմամբ` Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը տալիս է ուժ, լավատեսություն, միասնականության զգացողություն:
«Մաեստրո՛, ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել երկար տարիներ արդեն սերունդներին պարգևած այդ միասնության, միասնականության զգացողության առաջ և ես խոնարհվում եմ Ձեր առաջ, Ձեր կյանքի առաջ, Ձեր անցած ճանապարհի առաջ և Ձեր այսօրվա կերպարի առաջ, անառարկելի հեղինակություն, անառարկելի բարոյականություն և անառարկելի հարգանք, խոնարհվում եմ Ձեր առաջ»,- նշել է վարչապետը:
Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939թ.–ի հունվարի 27–ին, Բեյրութում։ Նրանց ընտանիքը հայրենիք է ներգաղթել 1940–ականներին։