ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հարցում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Ղարաբաղյան հարցը երբեք «չի սառում»։ Ադրբեջանին ձեռնտու չէ ստատուս քվոյի պահպանումը։ Հենց կասկած է հայտնվում, որ ուժային կենտրոնները համակերպվել են ստատուս քվոյի հետ՝ Ադրբեջանը որոշակի քայլեր է ձեռնարկում, օրինակ՝ սահմանին լարվածություն է ստեղծում», -ասաց Հակոբյանը։
Քաղաքականության փոփոխություն չի լինի. ԱԳ նախարարը` Փաշինյանի հայտարարության մասին
Նրա խոսքով` Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Բաքուն բարձրացնում է հարցը, թե որն է Երևանի դիրքորոշումը՝ «Արցախը Հայաստան է և վե՞րջ» (ինչպես հայտարարել էր Փաշինյանը), թե՞ Երևանն ամեն դեպքում պատրաստ է բանակցություններ վարել կարգավիճակի հարցով։ Ադրբեջանի ներկայացուցիչները հետագա հանդիպումների ընթացքում անպայման կբարձրացնեն այդ խնդիրը։
«Հստակեցնելու անհրաժեշտություն ունենք նույնիսկ մենք` Երևանում և Ստեփանակերտում։ Արցախում ևս ուզում են հասկանալ` դա ներքին լսարանի համար արված հայտարարություն էր, թե՝ ոչ, և որևէ բան փոխվե՞լ է, թե՞ ամեն ինչ մնացել է նույնը»,-նշեց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի կարծիքով` Փաշինյանի հայտարարությունն արվել էր ներքին լսարանի համար. այդ արտահայտությունը նշանակում էր, որ Երևանը լուրջ ազդեցություն կունենա Արցախում սպասվող առաջիկա ընտրություններին։
Եթե հայտարարությունը հասցեագրված լիներ արտաքին ուժերին՝ Փաշինյանը դրանից հետո պետք է հայտարարեր, որ անձամբ է բանակցելու Ստեփանակերտի անունից և կգնար վերամիավորվելու ճանապարհով, կարծում է Հակոբյանը։
«Ի դեպ, 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդն ու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ազգային խորհուրդը համատեղ որոշում կայացրին ԼՂՀ–ն Հայաստանի կազմում ներառելու մասին։ Եվ դե յուրե այդ որոշումը չի չեղարկվել», – ընդգծեց նա։
Ինչ կապ կա Փաշինյանի ելույթի, BBC-ի հոդվածի և ՀՔԾ-ի միջև. իրարանցման «արտաքին հետագիծը»
Հակոբյանի խոսքով`եթե ՀՀ իշխանությունները որոշեն գնալ այդ ճանապարհով՝ ռեզերվում ունեն 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԼՂՀ–ն Հայաստանի անբաժան մասն է։ Նրա խոսքով` հայերի շրջանում երկար տարիներ որոշակի մասնատվածություն կար, և այժմ ժամանակն է հրաժարվել դրանից։