ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններում որևէ տարաձայնություն չկա։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բավական ամուր հիմքեր ունեն։ Ճիշտ է` կան որոշ իրավական բնույթի գործընթացներ, սակայն միջպետական մակարդակով ունակ ենք պահպանել այն կարևոր օրակարգը, որը երկու երկրների դաշնակցային հարաբերությունները զարգացնելու միտում ունի»,–ասաց նա։
Նախարարի խոսքով` Ռուսաստանի հետ հարաբերությունները գնում են իրենց հունով։
Հիշեցնենք` դեռ հունիսին Մնացականյանը հայտնել էր, որ Հայաստանը ռազմավարական միություն ունի Ռուսաստանի հետ, ծավալուն օրակարգ, խոր հարաբերություններ։ Նրա խոսքով` Հայաստանը շարունակելու է (և դա նշված է կառավարության ծրագրում) ընդլայնել և զարգացնել ՌԴ–ի հետ մեր ռազմավարական հարաբերությունները։
Ի դեպ, հոկտեմբերի 1–ին Հայաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` մասնակցելու Հայաստանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։