ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ հեռանում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։ Խմբակցությունն էլ ակնկալում է, որ նա կվերադարձնի պատգամավորական մանդատը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը»,– նշված է խմբակցության տարածած հայտարարության մեջ։
ԼՀԿ–ն շնորհակալություն է հայտնել է Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություններ իր հետագա գործունեությունում։
Փաշինյանը «ֆլիրտ» է սկսել քաղաքական ուժերի կոնկրետ շրջանակի հետ
Բաբաջանյանն իր հեռանալու մասին հայտնել էր Facebook սոցիալական ցանցում։ «Թավշյա հեղափոխությունից մեկուկես տարի անց մենք ունենք հեղափոխության, հեղափոխության օրակարգի հետ ներքին և արտաքին քաղաքականությունների անհամապատասխանություն ու անհամարժեքություն, ինչն ուղղակի ազգային անվտանգությանը սպառնացող հարց է և վտանգում է առաջին հերթին թավշյա հեղափոխությունը»,– գրել էր նա։
Նրա խոսքով` նշված պատճառներն ու գործոններն անհամատեղելի են դարձնում իրեն Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ, ինչը ստիպում է խմբակցությունից դուրս գալու դժվարին որոշում կայացնել:
Բաբաջանյանը նշել է, որ այդ մասին կհայտարարի Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի մեկնարկին: Առաջիկայում կտեղեկացնի նաև՝ արդյոք հրաժարվում է նաև պատգամավորական մանդատից, թե քաղաքական ակտիվ գործունեությունը կշարունակի անկախ պատգամավորի կարգավիճակում։
Փաշինյանը ստորագրել է Ավետիսյանին պաշտոնից ազատելու որոշումը