ԵՐԵՎԱՆ, 6 Սեպտեմբեր — Sputnik. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, օգոստոսի 1-ին այցելել էր հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր և առաջնագիծ:
Սպառազինության համալրման հարցում շոշափելի արդյունքներ կան. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը տեղում ծանոթացել էր օպերատիվ-մարտավարական իրադրությանը, կատարված ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, հետաքրքրվել դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններով, սննդի որակով, ուսումնասիրել ներդրված նորագույն սարքավորումներն ու զինատեսակները:
Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ու գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հետևել են նաև հրետանային զորամասերից մեկի հետ անցկացվող զորախաղերի ընթացքին և քննարկել ռազմական համագործակցության և գործողությունների համադրման հետագա անելիքները: